Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ուրախությամբ հաստատելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես սիրով է ընդունում ուխտի եկած իր զավակներին: Այս առիթով Վեհափառ Հայրապետը հորդորեց ուխտավորներին ջերմեռանդությամբ հաղորդակցվել հայրենիքի սրբություններին, որոնք կերտվել են իրենց հայրերի կողմից Քրիստոսի և Նրա հրաշափառ Հարության հանդեպ ունեցած սիրո և հավատքի զգացումներով` կարևոր նկատելով նաև այն, որ յուրաքանչյուր հայորդու համար ուղևորությունը դեպի Հայաստան ընկալվի իբրև ուխտագնացություն:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզմունք հայտնեց, որ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կոգեշնչի ու կզորացնի նրանց և կներշնչի հայրենիքի հանդեպ հարգանքով ու սիրով կրթել ու դաստիարակել նոր սերունդներին, պահպանել և պաշտպանել այդ ոգին նրանց մեջ:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ իր հովվապետական այցելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայության զորավոր հավատքը և անսակարկ սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ: Անդրադառնալով Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին` Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին հայաշունչ պահել իրենց կյանքը, հայոց լեզուն մշտապես հնչեցնել իրենց ընտանեկան հարկերից ներս և հավատքով, աղոթքով, բարի ու աստվածահաճո գործերով զորացնել Մայր Եկեղեցին, պայծառացնել տիրախնամ թեմը:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Հայրապետը նաև պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի առաքելությանն ու հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը:
Ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, ապա այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: