Վարչապետ Փաշինյանը մոռացե՞լ է ընդդիմադիր Փաշինյանի աղմկահարույց ելույթը (տեսանյութ)


Վարչապետ Փաշինյանը մոռացե՞լ է ընդդիմադիր Փաշինյանի աղմկահարույց ելույթը (տեսանյութ)
Հունվար 22 22:00 2022

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռևս 2017 թվականին, անդրադառնալով բժշկական հաստատությունների մասնավորեցման խնդրին, հայտարարել էր, որ բազմաթիվ բուժհաստատություններում, մեղմ ասած, կան այնպիսի բժիշկներ, ովքեր իրենց գործից բոլորովին գլուխ չեն հանում, որոշ տեղերում էլ սարքավորումներ չկան: Երբեմն էլ առողջապահական համակարգը կյանքի ու մահի արանքում կանգնած մարդուն ստիպում է համբերել, մինչև որ ընթացակարգերը կկարգավորվեն:

«Ստացվում է՝ ինֆարկտով մարդուն պիտի ասենք՝ սպասի՛ր, Կառավարության որոշմամբ դեռ չես կարող բուժվել։ Սա աբսուրդ է: Միգուցե, զավեշտալի է հնչում, սակայն բազմաթիվ մարդիկ են այդպես մահացել։ Բազմաթիվ հիվանդանոցներ երկրաշարժի ավերակներ են հիշեցնում։ Պետպատվերը մի քանի հիվանդանոցում է կենտրոնացված, որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների։

Ունենում ենք օազիսներ` ոսկեջրած պատերով։ Կան նաեւ հիվանդանոցներ, որտեղ մասնագետների խնդիր ունենք, ասենք` կոտրված ոսկորը մասսաժ են անում, 4 սանտիմետրանոց  ուռուցքը չեն նկատում։ Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին», – նշեց Փաշինյանը:

 

 

Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո, որի արդյունքում իշխանության եկավ օլիգարխների օբյեկտներից դժգոհող Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել: «Աստղիկ» ԲԿ-ն, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, հեղափոխությունից հետո մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում է ստանում: Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։ 

2020 թվականին առողջապահության նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով 9.000.000, 4,176,900, 14,204,200, 100,879,300 դրամի ծառայություն  է գնել նաև Արկադի Համբարձումյանին պատկանող «ՍլավՄեդ»-ից: