«Օրվա շարժի հետ համեմատած համարյա հաճախորդ չունենք». իրավիճակը հանրային սննդի կետերում նոր սահմանափակումներից հետո


«Օրվա շարժի հետ համեմատած համարյա հաճախորդ չունենք». իրավիճակը հանրային սննդի կետերում նոր սահմանափակումներից հետո
Հունվար 22 20:07 2022

Հանրային սննդի կետերում այսօրվա սահմանափակումներից հետո հաճախորդների թիվը նվազել է:

«Օրվա շարժի հետ համեմատած հիմա համարյա հաճախորդ չունենք նստած: Տոկոսային առումով 30-ից 40 տոկոսով նվազել է հաճախորդների թիվը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սրճարաներից մեկի մենեջերը:

«Կարաս» սննդի կետերի Հրապարակի մասնաճյուղի մենեջեր Րաֆֆի Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր բազմաթիվ հաճախորդներից ներողություն են խնդրել, որ չեն կարող սպասարկել առանց QR կոդի:

«Ստուգում ենք բոլոր քաղաքացիների QR կոդերը կամ ՊՇՌ թեստի պատասխանը, եթե չեն ունենում, իրենցից ներողություն ենք խնդրել եւ չենք սպասարկել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի`   հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։