Անգղերին չի կարելի սնել դեղորայք օգտագործած մսով. Կենդանաբանական այգում կենդանիների անկման հետքերով


Անգղերին չի կարելի սնել դեղորայք օգտագործած մսով. Կենդանաբանական այգում կենդանիների անկման հետքերով
Հունվար 21 21:30 2022

Քաղաքապետարանի ենթակայության տակ Երևանի կենդանաբանական այգին ոչ մի հնարավորություն չունի զարգանալու,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ անդրադառնալով այգում ստեղծված իրավիճակին։

Նշենք, որ վերջերս կենդանաբանական այգում հինգ անգղ է սատկել, մեկ արջ և մեկ քարայծ։ Ընդ որում՝ 5 անգղն սատկել են մեկ օրվա մեջ, ինչպես նաեւ երկու արջերից մեկը։ Որպես պատճառ մամուլում նշվել էր սովը։ Մասնավորապես՝ վարկած էր շրջանառվել, թե սովի պատճառով միմյանց են կերել։ Ռ. Խաչատրյանն այս վարկածը խիստ անհավանական համարեց։

«Սա ուղղակի հիմարություն է իմ կարծիքով կենդանաբանական այգում հնարավոր չէ սովից կենդանի սատկի, հազար ու մի պատճառ կարող է լինել, բայց ոչ սով»,- ասաց նա։ Փոխարենը կարեւորեց սննդի որակը։

«Անգղերի դեպքում փորձը գիտական է, պետք է նրանց սնել դեղորայք չօգտագործած մսով, հակառակ դեպքում կսատկեն»,- նշել է նախկին տնօրենը։ Ավելին՝ նա կարեւորեց, որ միսը գնվի անմիջապես սպանդանոցից, որը համապատասխան սերտիֆիկատ կունենա։

Մասնագետի դիտարկմամբ՝ Կենդանաբանական այգու զարգացումն ապահովելու համար համակարգային լուծում է անհրաժեշտ։

«Միշտ եմ ասել, որ քաղաքապետարանի ենթակայության տակ Երևանի կենդանաբանական այգին ոչ մի հնարավորություն չունի։ Այնտեղ մարդիկ են նստած, որոնք ոչ մի գաղափար չունեն այգուց։ Ես 3 քաղաքապետ եմ փոխել, բայց այս բոլոր տարիների ընթացքում ամենավատ փորձառությունն ունեցել եմ վերջին քաղաքապետի ժամանակ, որը մեկ տարվա ընթացքում մեկ օր ժամանակ չունեցավ ինձ ընդունելու, հասկանալու, թե ինչ է կատարվում կենդանաբանական այգում։ Իսկ այնտեղ խմորումները շատ տարբեր շերտերում են»,- նշել է Ռ. Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ իր պաշտոնավարման ժամանակ առաջարկների փաթեթ է ուղարկել քաղաքապետարան՝ նշելով, որ ամենալավ մեթոդը միջգերատեսչական հիմնադրամն է, որտեղ նաև մասնավորը կարող է մասնակցություն ունենա իր ներդրումներով։ «Կարևոր չէ, թե ինչ ներդրում է՝ ֆինանսական, թե բժշկական, կարևորը մասնավորի ներգրավվածությունն էր, հետո երեխաների ներգրավվածությունը՝ բնապահպանական կրթության տեսանկյունից։ Բոլոր նախարարությունները կարող էին իրենց ներդրումն ունենալ ու ակնկալիքներ ունենալ․ ի վերջո կենդանաբանական այգին երկրի այցեքարտն է»,-նշել է մեր զրուցակիցը։ Բայց թե ինչ պատճառաբանությամբ է այս առաջարկը մերժվել քաղաքապետարանի կողմից նախկին տնօրենը չգիտի, պարզապես ասել են, որ նպատակահարմար չէ։

«Քաղաքապետարանն այստեղ վերահսկողական մարմին է միայն և չի կարողանում իր գործառույթը ճիշտ իրականացնել, ֆինանսավորումը պետական բյուջեից է»,- նկատել է նախկին տնօրենը՝ ընդգծելով համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։