Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, նրա համար երաշխավորել են Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող»-ը, և Արամ Զավենի Սարգսյանը


Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, նրա համար երաշխավորել են Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող»-ը, և Արամ Զավենի Սարգսյանը
Հունվար 20 20:53 2022

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, «Պատրոն Դավո»-ի՝ Դավիթ Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը։ 

Դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է ինչպես դատարանի ինքնաբացարկի, այնպես էլ՝ մեղադրող դատախազի բացարկի հարցը։ Դատարանը մերժել է երկու միջնորդություններն էլ և անցել կալանավորված ամբաստանյալների խափանման միջոցի քննարկմանը։ Ընդ որում, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, դատարանը փորձել է ինքնաբացարկի հարցի քննությունից անմիջապես հետո քննարկել խափանման միջոցի հարցը, սակայն պաշտպանության կողմն առարկել է և պահանջել քննարկել դատախազի բացարկի հարցը։ Այդուհանդերձ, դատարանը մերժել է դատախազի բացարկի միջնորդությունը՝ նշելով, որ քննության այս փուլում նման ընթացակարգ Քրդատ օրենսգրքով նախատեսված չէ՝ այդպիսով զրկելով պաշտպանության կողմին՝ դատախազին բացարկ հայտնելու իրավունքից, ինչից հետո անցել է խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Նշենք, որ սույն գործով կալանավորված են Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիք Մուրադյանը, Դավիթ Գալստյանը և Արտյոմ Համբարյանը։ Դատարանում այսօր քննարկվել է բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի Ստեփան Գալստյանից, նրա խափանման միջոցի հարցը կքննվի վաղը՝ ժամը 11.00-ին։

Մեղադրող դատախազը պահանջել է անփոփոխ թողնել մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատախազն իր դիրքորոշումը ձևակերպել է՝ նշելով, որ նախաքննության ընթացքում ինչ դրվել է կալանքի հիմքում, դրանք շարունակում են առկա լինել, ավելացնելու ոչինչ չունի։ 

«Մենք սկսեցինք պաշտպանվել նրանից, ինչը կարող ենք ենթադրել։ Որևէ պատճառաբանված, հիմնավորված միջնորդություն դատախազի կողմից չներկայացվեց, թե ինչու պետք է շարունակեն մնալ կալանքի տակ։ Ենթադրում ենք, որ հենց խոչընդոտելու հիմքին է վերաբերում և հենց դրա ուղղությամբ ենք ներկայացրել մեր հակափաստարկները»,- նշեց Հովհաննիսյանը։

Պաշտպանության կողմն էլ պահանջել է՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցներով։

Մասնավորապես, Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են՝ Տոնոյանի նկատմամբ կիրառել անձնական երաշխավորություն, նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։ Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի, Արտյոմ Համբարյանի պաշտպանները միջնորդել են՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։ 

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Դավիթ Տոնոյանը դատական նիստին հայտարարությամբ հանդես եկել է, ինչին ի պատասխան փաստաբանը հայտնեց, որ, ըստ էության, պնդել է ներկայացված միջնորդությունները, նաև գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ խափանման միջոց կալանավորման շարունակականության վերաբերյալ դիրքորոշում ներկայացրել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Նշենք, որ դատարանն արձանագրային որոշում է կայացրել՝ գործը դռնփակ ռեժիմով քննելու մասին։ Պաշտպանները և դատական նիստին ներկա ամբաստանյալները դեմ են եղել, որ գործը քննվի դռնփակ ռեժիմով՝ պնդելով հրապարակային քննություն, սակայն մեղադրող դատախազն ավելի վաղ գրությամբ դիմել էր դատարանին՝ պահանջելով ոչ հրապարակային քննություն՝ պայմանավորված գործում առկա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան