Խնձորեսկում փորձում են պարզել բնակիչների կրած վնասները. Սեփականությամբ գյուղացիներին պատկանող հողերից որքա՞նն է անցել հակառակորդի հսկողության տակ


Խնձորեսկում փորձում են պարզել բնակիչների կրած վնասները. Սեփականությամբ գյուղացիներին պատկանող հողերից որքա՞նն է անցել հակառակորդի հսկողության տակ
Հունվար 20 20:33 2022

Սյունիքի ռազմավարական նշանակության մի շարք տարածքներ հակառակորդի հսկողությանը հանձնելուց ավելի քան 1 տարի անց կառավարությունը որոշել է գոնե մասնակի փոխհատուցել սահմանամերձ դարձած բնակիչներին՝ իրեն կորցրած դաշտավայրերի, արոտավայրերի, այգիների համար։

Նախատեսվում է 1 հա դիմաց գյուղացուն վճարել 200 հազար դրամ, սակայն պարզվում է առ այսօր կառավարությունը չունի հստակ հաշվարկ, թե որքան վնաս է կրել գյուղացին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը հայտնել է, որ ներկայումս բնակիչները ներկայացնում են դիմումները, որոնցով պետք է ներկայացնեն կրած վնասները։ Ինչպես պարզաբանեց Մալունցը՝ ելակետ է ընդունվելու սեփականաշնորհման վկայականները եւ լրացուցիչ չափագրումներով պետք է պարզեն, թե որքան հողատարածք է կորցրել յուրաքանչյուր գյուղացի։

«Հեկտարը ճշտելու, չափագրում անելու համար հանձնաժողով է պետք գումարել, որի համար հիմք են վերցվելու սեփականության վկայականները, որտեղ հստակ երևում է հողի չափսը, հետո չափագրման արդյունքում էլ հասկանալի կլինի, թե ինչքան հատվածն է մնացել բնակչին, որքանը՝ հակառակորդին»,- ասաց վարչական ղեկավարը։

Երվանդ Մալունցն հստակ չկարողացավ ասել, թե գործընթացը, երբ կավարտի, քանի որ ձյուն է գալիս և դժվարացնում է չափագրման ընթացքը։ 

Իսկ այն հարցին, թե ձյունն ուրիշ ի՞նչ խնդիրներ է առաջացրել, վարչական ղեկավարն ասաց, որ մարդիկ հողի կորուստ են տվել, էլ ինչ դժվարության մասին է խոսքը, չափագրման հարցն է հետաձգվում։ «1, 2 ամիս էլ կտևի մինչև ձյունը հալչի, ցեխով ինչպե՞ս գնան այդ դաշտերը չափագրման»,- ասաց նա։

Փորձեցինք հստակեցնել փոխհատուցում արդյո՞ք կլինի, Երվանդ Մալունցը պատասխանեց, որ չգիտի, թե ինչ կլինի, ոնց կլինի, իրենից կախված է բնակչին տեղեկացնել, տեղեկացրել է, նրանք էլ դիմումները ներկայացնում են։