Ինչքա՞ն պետք է պարապ լինի դատախազը. փաստաբան


Ինչքա՞ն պետք է պարապ լինի դատախազը. փաստաբան
Հունվար 20 19:20 2022

Ինչքա՞ն պետք է պարապ լինի դատախազը ( ի դեպ` վարչական շրջանի դատախազի տեղակալ), որ այն քաղաքացիական գործով, որով վաղուց դիրքորոշում են հայտնել ՀՀ բոլոր 3 ատյանների դատարանները, առնվազն 11 դատավորներ ստորագրել են դատական ակտերի տակ, և ունենք իրավունքի գրանցում` դատախազը գրություն ուղարկի կադաստրին, նշելով, որ թեև 3-աստիճան համակարգով քաղաքացիական գործը քննվել է, բայց գտնում եմ, որ ՀՀ անունից կայացված դատական ակտը կայացվել է ապացույցները ոչ ճիշտ գնահատելու և անարդար դատական ակտ կայացնելու արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

«Հիմա հարց.

1. Կներեք, Դուք ո՞վ եք:

2. Ի՞նչ կապ ունեք այս գործի հետ:

3. Ի՞նչու է Ձեզ երբևէ թվացել, որ Կադաստրին, իմ վստահորդին, և առավել ևս ինձ կարող է հետաքրքրել Ձեր կարծիքը` այս գործի վերաբերյալ:

Որ ասում էինք դատական համակարգը մի արժեզրկեք, այ սրա համար էինք ասում, որ ամեն մի դատախազ իր պարտքը չհամարեր քաղաքացիական գործով մեմուարներ գրեր դատավորների կողմից ապացույցները ճիշտ գնահատելու, կամ առավել ևս` մեղադրեր անարդար դատական ակտ կայացնելու մեջ:

Բնականաբար` ինձ շատ է հետաքրքրում, թե դատախազը իր ո՞ր լիազորությունն է իրականացրել այս գրությունը ուղարկելով, և ի՞նչ է ակնկալել, ուստի վստահաբար հարցում եմ ուղարկելու, որին կհետևի շատ հետաքրքիր գործընթաց:

Բարձրագույն դատական խորհուրդ, կարո՞ղ է իմանաք, թե ինչո՞ւ է դատախազը որոշել վերահսկել և գնահատականներ տալ դատավորներին ու նրանց կողմից կայացրած որոշումները»,- գրել է փաստաբանը։