Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցել հունվարի 18-ին


Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցել հունվարի 18-ին
Հունվար 20 19:02 2022

Հունվարի 13-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն էր ստորագրել աշխատանքային այցով 2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն գործուղելու վերաբերյալ:

Պատվիրակության կազմում ի սկզբանե ընդգրկված էր 11 անձ, ներառյալ՝ պատգամավորներ, և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, սակայն մեկնումից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ չի մեկնելու ԱՄՆ՝ պայմանավորված պաշտոնական հանդիպումներին պատգամավորների միջև խտրականության դնելու հետ:

Առաջին աշխատանքային հանդիպումը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ունեցել է միայն հունվարի 18-ին, ու այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԱԺ պատվիրակությունն այդքան վաղ մեկնել ԱՄՆ, որովհետև անգամ մեկ օր ավելի մնալը բոլորովին էժան հաճույք չէ ՀՀ բյուջեի համար:

Նկատենք, որ հունվարի 15-16-ը շաբաթ և կիրակի էին, իսկ հունվարի 17-ին ԱՄՆ-ում նշում են Մարտին Լյութեր Քինգի օրը, որը պետական տոն է, հետևաբար՝ ոչ աշխատանքային:

 

168.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ-ից պատասխանեցին, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ է մեկնել շաբաթ օրը գիշերը, իսկ ԱՄՆ հասել են կիրակի օրը՝ հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 21։30-ի սահմաններում:

«Այնուամենայնիվ, հունվարի 17-ին Վաշինգտոնի որոշ հայ շրջանակների խնդրանքով՝ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նրանց հետ»,- ասացին ԱԺ-ից:

 

Փաստացի, հաշվի առնելով բերված պատճառաբանությունը մեկնման օրերի հետ կապված, ամեն դեպքում ստացվում է, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին հանգստացել է:

Մեր տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանգրվանել է Վաշինգտոնի «Չերչիլ» հյուրանոցում:

 

«Բիզնես ոճի, սակայն էկոնոմ դասի հյուրանոց է»,- 168.am-ին ասացին ԱԺ-ից: