Տնտեսության արյունատար անոթները խցանվել են. սա՞ է «տնտեսության շատ լավ վիճակը»


Տնտեսության արյունատար անոթները խցանվել են. սա՞ է «տնտեսության շատ լավ վիճակը»
Հունվար 20 00:21 2022

Այն, ինչ իշխանություններն անում են անկանխիկ գործառնությունները սահմանափակելու անվան տակ, բխում է գլխավորապես ֆինանսական կառույցների շահերից։ Դրանից շահում են առաջին հերթին՝ բանկերը, որոնք լրացուցիչ եկամուտներ գեներացնելու հնարավորություն են ստանում՝ տնտեսության ու քաղաքացիների հաշվին։

 

 

Ցանկացած փոխանցում կամ կանխիկացում, որն իրականացվում է ֆինանսական համակարգի միջոցով, որոշակի գին ունի։ Այդ գինը վճարում են տնտեսական հատվածի մասնակիցներն ու քաղաքացիները։ Վճարում են բանկերին ու մյուս ֆինանսական հաստատություններին։

 

Որքան էլ հայտարարվի, թե Կենտրոնական բանկը կզսպի բանկերի ախորժակը և չարաշահումներ թույլ չի տա, միևնույն է, այդ գինը վճարվելու է։

 

Բանկերը շահում են նաև նրանով, որ հնարավորություն են ստանում լրացուցիչ եկամուտներ գեներացնել՝ այստեղ շրջանառվող գումարների հաշվին։

 

 

Զարմանալի չէ, որ բանկային համակարգի ներկայացուցիչները և դրանց մոտ կանգնած մարդիկ այդքան համառորեն փորձում են այն կյանքի կոչել։ Անունը դրել են ստվերի կամ փողերի լվացման դեմ պայքար ու առաջ են տանում իրենց շահը։ Չեն ուզում ընդունել, որ այսօր քաղաքացին պատրաստ չէ դրան։ Դրանով նոր խնդիրներ ու դժվարություններ են ստեղծում նրա համար։

 

Եթե նույնիսկ համարենք, որ անկանխիկ գործարքներն արդարացված են, միևնույն է, այսօր հասարակության մի ստվար զանգված ի վիճակի չէ օգտվել այդ համակարգից։

 

Այդպիսի սահմանափակումներ կիրառելուց առաջ՝ նախ հարկավոր էր կրթել հասարակությանը, բարձրացնել նրա ֆինանսական գրագիտությունը։

 

Հակառակ դեպքում, պետք էր թույլ տալ, որպեսզի քաղաքացին ինքնուրույն որոշի՝ ո՞ր տարբերակն է իրեն ավելի ձեռնտու՝ կանխի՞կը, թե՞ անկանխիկը։ Եթե անկանխիկն այդքան ձեռնտու է, մարդիկ առանց վարանելու կանցնեն անկանխիկի։

 

Այսօր էլ Հայաստանում քիչ չեն անկանխիկ գործարքները։ Դրանք տարեցտարի ավելանում են և առանց պարտադրանքի։ Մարդիկ ինքնակամ օգտվում են անկանխիկ վճարումների համակարգից։

 

Կասկած չկա, որ առանց սահմանափակումների կիրառման էլ առաջիկայում օգտվողների թիվն աճելու էր։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են իշխանություններն ուզում, որ ամեն ինչ պարտադրանքով լինի։ Չեն ուզում թողնել, որ քաղաքացին ինքնուրույն համոզվի դրա նպատակահարմարության մեջ։

 

Եթե կարծում են, որ քաղաքացու համար արհեստական դժվարություններ ստեղծելով՝ ստվերային տնտեսության դեմ են պայքարում, չարաչար սխալվում են։

 

Այն, որ այլ երկրներում նման սահմանափակումներ չկան, դա չի նշանակում, թե խեղդված են ստվերային տնտեսության ու փողերի լվացման մեջ։

 

 

Կանխիկի շրջանառության նոր սահմանափակումներ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն այսօր Հայաստանում չկա, եթե, իհարկե, այս ամենի տակ այլ նպատակներ չեն թաքնված։ Այդպիսի նպատակներ, ըստ էության, կան և դրանցից մեկն էլ բանկերին ու մյուս ֆինանսական հաստատություններին եկամուտներ ստանալու նոր հնարավորություններ տալն է։

 

Այլ արդարացումներն անտեղի են, որքան էլ այդպիսի փորձեր արվում են։

 

«Էդքան որ ասում եք՝ բանկեր. բանկերն արդեն 9 միլիարդ դոլարից ավելի վարկեր են տվել։ Այսօր Հայաստանի տնտեսությունը, որ շարժվում է, բանկը տնտեսության արյունատար անոթն է, այսօր շատ լավ վիճակում է Հայաստանի տնտեսությունը, բանկերն էլ ֆինանսավորում են տարբեր ճյուղեր, բայց փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկն անկանխիկ գործարքներն են»,- ասում է իշխանությանն ու բանկային համակարգին շատ մոտ կանգնած պատգամավորներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը։

 

Մարդ, ով սահմանված նույնիսկ 300 հազար դրամը շատ բարձր շեմ է համարում կանխիկի համար և կարծում է, որ ապագայում դեռ պետք է նվազեցվի։

 

Ապագան թողնենք մի կողմ, որովհետև նույնիսկ ներկայում շատ բան դեռ անորոշ է, այնուհանդերձ մի հանգամանքի վրա արժե ուշադրություն դարձնել։

 

Որ բանկերը տնտեսության արյունատար անոթներն են, նորություն չէ։ Սակայն, ի տարբերություն նրա, թե ինչ է ասում Խ. Սուքիասյանը, այսօր այդ անոթները խցանված են, տնտեսությունն էլ լավ վիճակում չէ։ Փողը չի գնում տնտեսություն։

 

Վերջին մեկ տարում բանկերի կողմից տնտեսությանն ուղղվող վարկային ներարկումները կրճատվել են։

 

Բանկային համակարգի կողմից ռեզիդենտներին տրված վարկային միջոցները, հրապարակված ամենաթարմ տվյալներով, որոնք անցած տարվա նոյեմբերի դրությամբ են, կազմել են 3 տրիլիոն 561 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ կազմել էին 3 տրիլիոն 672 մլրդ դրամ։ Մեկ տարում բանկերի վարկային պորտֆելը ռեզիդենտների մասով նվազել է գրեթե 111 մլրդ դրամով կամ շուրջ 230 մլն դոլարով։

 

Պատկերը չի փոխվում նաև ոչ ռեզիդենտներին ներառելու պարագայում։

 

Այդ դեպքում էլ կստացվի, որ 2020թ. բանկերի վարկային պորտֆելը կազմել էր 4 տրիլիոն 90 մլրդ դրամ, անցած տարի՝ 3 տրիլիոն 932 միլիարդ։

 

Տարբերությունը 158 մլրդ դրամ է, ինչն էլ համարժեք է գրեթե 330 մլն դոլարի։ Այդքանով բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է։

 

Եվ, որ ավելի վատ է, նվազել են հատկապես արդյունաբերությանն ուղղվող վարկային միջոցները։ Մեկ տարվա ընթացքում ավելի քան 107 մլրդ դրամի չափով։

 

Նվազել են նաև բնակչությանն ուղղված բանկային ներարկումները, Խոսքը սպառողական վարկերի մասին է, ինչն ուղղակիորեն կապված է մի կողմից՝ բնակչության սոցիալական վիճակի, մյուս կողմից՝ վարկունակության հետ։ Մեկ տարում այդպիսի վարկային միջոցները կրճատվել են 115 միլիարդով։

 

Ավելացել են հիմնականում հիպոթեքային և շինարարությանն ուղղված վարկերը, որոնք փոխկապակցված են։ Եվ ոչ միայն իրար, այլև պետական բյուջեի հետ։

 

Պետական բյուջեի հաշվին, ինչպես հայտնի է, կառավարությունն իրականացնում է եկամտային հարկի վերադարձի ծրագիր, ինչն էլ արհեստականորեն խթանում է այդ վարկերի շուկան։ Բայց դա նաև լուրջ ռիսկեր է պարունակում՝ ինչպես ընդհանրապես շինարարության ոլորտի, անշարժ գույքի շուկայի, այնպես էլ՝ պետական բյուջեի համար։

 

Մյուս գրեթե բոլոր վարկային շուկաներում բանկերի պորտֆելը նվազել է։ Ու դա վկայում է, թե տնտեսության արյունատար անոթներն ինչպես են գործում։

 

Այդպիսի պայմաններում, հատկապես, երբ չկան նաև ներդրումներ կամ շատ քիչ են, տնտեսությունը չի կարող «շատ լավ վիճակում լինել», այլապես հիմա մեր տնտեսությունն էլ վաղուց պիտի հետ բերած լիներ ճգնաժամի կորուստները։ Այնինչ դեռ բավական ժամանակ կպահանջվի ամբողջությամբ վերականգնվելու համար։ Քանի չի վերականգնվել, զարգացումների մասին խոսք չի կարող լինել։

 

Կանխիկ գործարքները չեն այս իրավիճակի պատճառը, և ոչ էլ դրանք են խանգարում տնտեսության զարգացմանը։ Կանխիկի նկատմամբ նման սահմանափակումներ կիրառելուց առաջ բարի եղեք մտածել մարդկանց իրական եկամուտներն ավելացնելու, աշխատանքով ու նորմալ կյանքով ապահովելու, նոր այդպիսի խնդիրներ առաջադրելու մասին։