«Մենք թույլ չենք տալու ոչ մի ստուգողի, որ մտնի ռեստորանի տարածք և տուգանի հաճախորդին». Աշոտ Բարսեղյան


«Մենք թույլ չենք տալու ոչ մի ստուգողի, որ մտնի ռեստորանի տարածք և տուգանի հաճախորդին». Աշոտ Բարսեղյան
Հունվար 19 23:10 2022

Առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվելու է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։

 

 

Պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկաններին, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։

 

 

Տնտեսվարողն պետք է ստուգի՝ արդյոք քաղաքացին ունի՞ համապատասխան փաստաթղթերը, թե՞ ոչ, իսկ տնտեսվարողներին արդեն տեսչական մարմինները կվերահսկեն։ Եթե տնտեսվարողը չպահպանի կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվի 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչև 500.000 դրամով։

 

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը պնդում է՝ իրենք չեն ստուգելու QR կոդը:

 

 

«Այդ հրամանն օրենքի ուժ չունի: Եթե օրինական ճանապարհով են ուզում, թող գնան, որոշմանն օրենքի տեսք տան: Եթե երկրում հայտարարված չէ արտակարգ իրավիճակ, և եթե չկա կարանտին, ապա ո՞վ կարող է սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը: Եվ հետո, եթե նույն հրամանով և QR կոդերով սահմանափակված չէ հասարակական տրանսպորտը, ապա ի՞նչ իմաստ ունի սահմանափակել այլ ոլորտներ: Դա խտրականություն է բիզնեսի նկատմամբ:

 

Եթե այդքան վստահ են, որ սա աշխատող ճանապարհ է, ապա առաջին հերթին օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում սա կիրառել հասարակական տրանսպորտում, սակայն եթե չեն կիրառում, այլ տեղերում կիրառելու իմաստը ո՞րն է: Այդ հրահանգով իրավունք չունեն տուգանել ռեստորաններին: Չեն կարող տուգանել նաև մարդկանց: Մենք թույլ չենք տալու ոչ մի ստուգողի, որ մտնի ռեստորանի տարածք և տուգանի հաճախորդին: Դա ուղիղ սահմանափակում է մարդու ազատ տեղաշարժը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Բարսեղյանը:



loading...