Թուրքական ապրանքներն էլ ավելի էժան գնով գալու են Հայաստան. Տնտեսագետ


Թուրքական ապրանքներն էլ ավելի էժան գնով գալու են Հայաստան. Տնտեսագետ
Հունվար 19 21:41 2022

«ՀՀ կառավարությունն իր ընդունած որոշումն ի վիճակի չեղավ իրականացնել: Որոշեց, որ թուրքական ապրանքներն իր երկրում արգելվում են, սակայն այդ որոշումը չկարողացավ կյանքի կոչել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստան ներկրվում էին թուրքական ապրանքներ՝ այլ երկրների անվան ներքո, և, ըստ էության, թուրքական ապրանքների ներկրման պաշտոնական թվերը պարզ էին, բայց ոչ պաշտոնականը մնաց նույն մակարդակի, միգուցե նաև աճեց:

 
 
 
 

«Մի տարբերություն կա, որ եթե նախկինում մի քանի հազար մարդ էր կարողանում Թուրքիայից ապրանք բերել, վաճառել Հայաստանում, հիմա մի քանի տասնյակ ընկերություններ այս արգելքի պայմաններում բավականին հարստացան: Նրանք ներկրում էին վրացական, ռուսական, իրանական ապրանքների անվան տակ ու վաճառում վերավաճառողներին: Այսինքն, մի քանի տասնյակ ընկերություններ ուղղակի հարստացան 2020 թվականի ընթացքում: Բացասականն այն է, որ Կառավարությունը բիզնեսին ազդակ տվեց, որ  ներդրումներ անեն, արտադրություններ բացեն, ու մի շարք արտադրողներ հավատացին, լսեցին և սկսեցին իրենց բիզնեսը: Հիմա, ըստ էության, նրանք խնդիրներ են ունենալու:

Անցած տարի թուրքական ապրանքները լրացուցիչ ծախսերով են ներկրվել Հայաստան, հիմա լրացուցիչ ծախսերը դուրս են գալիս, և թուրքական ապրանքներն ավելի էժան են դառնալու շուկայում: Այսինքն, կառավարության այն պատճառաբանությունը, թե 2021թ.-ին էլ կային թուրքական ապրանքներ, և եթե նրանք կարողանում էին արտադրել, նույնությամբ թող շարունակեն նաև 2022թ.-ին էլ արտադրել, այդպես չէ: Կառավարությունը, ցավոք, աջակցության որևէ ռազմավարություն, ծրագիր չունի այն տնտեսվարողներին, ովքեր ներդրում կատարեցին ՀՀ տնտեսության մեջ, ու հիմա, փաստորեն, փաստի առջև են կանգնած, քանի որ թուրքական ապրանքներն էլ ավելի էժան գնով գալու են Հայաստան, բնականաբար, նրանք չեն կարող մրցակցել թուրքական ապրանքների հետ՝ քանակ, գին, որակ հարաբերությունների շրջանակներում»,- մանրամասնեց տնտեսագետը:

Հավելենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը որոշել է չեղարկել թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր թուրքական ապրանքների արգելքի գործողության ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշմանը՝ նշելով, որ,  երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն սահմանափակումները, այդտեղ կային քաղաքական նկատառումներ:

«Մենք, որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, պետք է ուշի ուշով հետևենք և ամեն կերպ պաշտպանենք այն ընկերություններին, որոնք բացվել են վերջին 1 տարվա ընթացքում՝ ի նկատի ունենալով նաև այս սահմանափակումների ներդրումը, և այնպես անենք, որ դրանց կայացումը հանկարծ չվտանգվի, և նրանք ստիպված դուրս չմնան շուկայից»,- ասել է Քերոբյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ թուրքական ապրանքների ներմուծումը կարող է խանգարել տեղական արտադրողների գործունեությանը, Վահան Քերոբյանը նշել է.

 

«Մենք հետևելու ենք, եթե տեսնենք, որ խնդիրներ կան, և այդ ներդրողների բիզնեսները վտանգված են այն պատճառով, որ իրենց բիզնեսը դեռևս չի կայացել այնքան, որպեսզի կարողանա մրցակցել թուրքական ընկերությունների հետ, անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որ պաշտպանենք նրանց»:



loading...