«Մինչև հիմա ես չեմ հավատում, շարունակում եմ մտածել, որ կարող է գերեվարված լինի». 20-ամյա հերոսի մայր


«Մինչև հիմա ես չեմ հավատում, շարունակում եմ մտածել, որ կարող է գերեվարված լինի». 20-ամյա հերոսի մայր
Հունվար 19 17:10 2022

Արարատ Մինասյանը 15 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն: Մի քանի տարի անց, երբ Արարատը պիտի զորակոչվեր բանակ, որոշեց, որ պիտի հայրենիքում ծառայի:

20-ամյա հերոսի մայրը՝ Գայանե Մանուշակյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է` որդին շատ էր ոգևորվել, որ ծառայելու է հայրենիքում. Արցախում կծառայեր, թե Հայաստանի որևէ այլ բնակավայրում՝ ամենաքիչն էր Արարատին հետաքրքրում, կարևորն այն էր, որ հայրենի երկրի սահմաններն իրեն էին վստահելու:

«Արարատս 2019թ.-ին զորակոչվեց բանակ՝ Ներքին Հոռաթաղի հակատանկային դիվիզիոնում, մեծ ոգևորությամբ գնաց ծառայության: Ամուսինս Գետաշենից է, Արարատս կատակով ասում էր՝ գնալու եմ մեր Գետաշենը ազատագրեմ: Մի օր չբողոքեց, չասաց՝ մամ, էստեղ վատ է: Ասում էր՝ մամ ջան, դու արխային եղիր, էստեղ ամեն ինչ շատ լավ է: 1 տարի 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Չորս ամսից պիտի իմ տղեն տանը լիներ, եթե չլիներ պատերազմը: Ո՜նց էինք սպասում էդ օրվան… ասում էր՝ ծառայեմ գամ, աշխատեմ, որ ամուսնանամ: Շատ լավ էր ծառայում, բազմաթիվ խրախուսանքների է արժանացել: Ընկերասեր և նվիրվող էր… մենք շատ բաներ իմացել ենք Արարատիս զոհվելուց հետո»,- պատմում է հերոսի մայրը:

 
 

Արարատ Խաչատուրի Մինասյանը ծնվել է 2000թ. օգոստոսի 21-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում: Բանակ է զորակոչվել 2019թ.-ին, ծառայել է Ներքին Հոռաթաղի հակատանկային դիվիզիոնում:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Թալիշի մարտական դիրքում: Թեժ մարտերից հետո Արարատը մնացել է դիրքում մենակ, բայց դիրքը չի լքել և դրա մասին տեղյակ է պահել հրամանատարներին և հետո միացել Թալիշը պաշտպանող մյուս զորամիավորումներին: Զոհվել է սեպտեմբերի 28-ին, հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

 
 

Սեպտեմբերի 28-ից տղայից հարազատները լուր չեն ունեցել, փնտրել են, ուր ասես դիմել. հավատացել են, որ իրենց որդին գերեվարվել է, բայց ամիսներ անց ԴՆԹ հետազոտությամբ պարզվել է ինքնությունը:

«Սեպտեմբերի 25-ին տղայիս 14 հոգանոց ջոկատը տեղափոխել են Թալիշ, ջոկատը բաժանվել է 2 խմբի: Իրենց ջոկատը վերադարձել է, բայց Արարատը միացել է Թալիշի տղերքին ու հենց էդտեղ էլ սեպտեմբերի 28-ին զոհվել է:

Հրամանատարին զանգել ասել է, որ միանում է Թալիշի տղաներին և շարունակում է կռվելը:

Վերջին անգամ սեպտեմբերի 27-ին եմ խոսել տղայիս հետ, դրանից հետո 107 օր լուր չենք ունեցել: Մտածում էինք՝ հնարավոր է, որ գերեվարված լինի, վիրավորվել է… դե մեզ հստակ ոչինչ չեն ասել, մի քանի անգամ ամուսինս է Արցախ գնացել որդուս փնտրելու, բայց ոչ մի լուր չունեինք:

 

Ամեն տեղ փնտրել ենք տղայիս, ինչ ասես մտածել ենք, բայց ոչ զոհվել:

Մինչև հիմա ես չեմ հավատում, շարունակում եմ մտածել, որ կարող է գերեվարված լինի,և էդ հույսը երևի բոլոր այն ծնողներն ունեն, ովքեր չեն տեսել իրենց երեխային:

Ես հենց սեպտեմբերի 25-ից ունեի ինչ-որ կանխազգացում, երկու օր չզանգեց… էդ ժամանակ էլ շատ վատ կանխազգացում ունեի:

Վերջին անգամ, երբ տղայիս ընկերների հետ հանդիպեցինք, ասում էին՝ մենք համոզեցինք, որ չգնա, որովհետև էնտեղ գնացողը հետ չէր գա, ասել է՝ բա որ ես չգնամ, նա չգնա, ո՞վ է պահելու:

Ես հպարտ եմ, որ հերոս եմ ծնել ու ճիշտ եմ դաստիարակել… ես իմ տղային չեմ սովորեցրել փախչել, ես միշտ իրեն հիշեցրել եմ, որ ինքը արմատներով հերոսական Գետաշենից է»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա հերոսի, ժամկետային զինծառայող Արարատ Մինասյանի մայրը՝ Գայանե Մանուշակյանը:

Անահիտ Չալիկյան



loading...