Արմեն Չարչյանը մանդատը վայր կդնի


Արմեն Չարչյանը մանդատը վայր կդնի
Հունվար 18 19:20 2022

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր կդնի։ Այս մասին փոխանցում են ArmDay.am-ի աղբյուրները։ Չարչյանը նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին էր ազատ արձակվել։ Մենք տեղեկացանք, որ Չարչյանը ներկայումս բուժման մեջ է, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ազատ արձակվելուց հետո նա խորհրդարանի նիստերին չի մասնակցում։ Երեկ մեկնարկած ութերորդ գումարման ԱԺ-ի ձմեռային նստաշրջանին ևս Չարչյանը ներկա չէր։ Irakanum.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանելուց, հայտնելով, որ ի վիճակի չէ։ Հարցին, թե հարցը վերաբերում է մանդատը վայր դնելուն, կհերքե՞ք, թե՞ կհաստատեք, Արմեն Չարչյանն ասաց․ «Ոչ մի տեղեկություն, ես հիմա ի վիճակի չեմ այդ հարցերին պատասխանելու»։ Նշենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվեց իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Չարչյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նախորդ տարեվերջին Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, համաձայն, որի անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։