«Արցախի համար այս դժվարին շրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը». Վլադիմիր Արզումանյանի հարսանեկան նոր լուսանկարներն ու մանրամասները


«Արցախի համար այս դժվարին շրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը». Վլադիմիր Արզումանյանի հարսանեկան նոր լուսանկարներն ու մանրամասները
Հունվար 14 14:52 2022

Երգիչ Վլադիմիր Արզումանյանի համար տարին սկսվեց կյանքի կարեւորագույն իրադարձությամբ. երգիչն ու նրա ընտրյալը՝ Աննան, հունվարի 8-ին միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Արցախում՝ ընտանիքի անդամների, մտերիմների ու հարազատների շրջապատում:

Վլադիմիրը NEWS.am STYLE-ին տրամադրել է իր հարսանեկան ֆոտոշարքն ու պատմել օրվա մանրամասները:

Վլադիմիրի եւ Աննայի ընտանիքի անդամները բնակվում են Ստեփանակերտում, բայց ամուսինները կշարունակեն իրենց համատեղ կյանքը Երեւանում, իսկ այս շրջանում մեղրամիսն են անցկացնում Դուբայում: Զույգի համար, սակայն, կարեւոր էր իրենց միությունը հենց Արցախում հաստատելը.

«Դա շատ կարեւոր փաստ էր թե´ ինձ, թե´ Աննայի համար: Մենք՝ երկուսս էլ Արցախից ենք, եւ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը»,-ասաց նա:


Վլադիմիրի խոսքով՝ հունվարի 8-ն իր մեջ առանձնահատուկ խորհուրդ չէր պարունակում, պարզապես որոշեցին ու հարսանիքը նշանակեցին հենց այդ օրը: Երգիչն, ի դեպ, խնջույքի ժամանակ անակնկալ է մատուցել կնոջը՝ նրա համար կատարելով իրեն նվիրված երգը: Հենց նույն օրն էլ կայացել է «Գնալով» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի հերոսուհին Աննան է: Անդրադառնալով անակնկալին՝ Վլադիմիրը նշեց, որ այն երկար էր ծրագրել, եւ դատելով Աննայի արձագանքից՝ այն ստացված էր: Խոսելով իր ստեղծագործական քայլերի մասին՝ երգիչը խոստացավ, որ 2022-ին պատրաստվում է անցնել ակտիվ աշխատանքի՝ կլինեն նոր երգեր, համագործակցություններ ու տեսահոլովակներ:

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողի հետ զրուցեցինք նաեւ մրցույթում Հայաստանի գրանցած նոր հաղթանակի մասին: Երգիչը նշեց, որ անչափ ուրախ է Մալենայի հաջողությամբ, ու չթաքցրեց, որ այդ օրը, ոգեւորությանը զուգահեռ, վերհիշել է նաեւ իր հաղթանակն ու վերապրել նույն զգացողությունները: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ կրկին ուժերը փորձի «Եվրատեսիլ»-ում՝ Վլադիմիրը պատասխանեց.

«Երբ հստակ առաջարիկ լինի ինձ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու, այդ ժամանակ ավելի կոնկրետ որոշում կկայացնեմ»:

IMG_7572.JPG (98 KB)

Վլադիմիրն ու Աննան նշանադրվել են 2020 թ-ին: Ավելի վաղ, անդրադառնալով իր եւ Աննայի սիրո պատմությանը, երգիչը NEWS.am STYLE-ին պատմել էր, որ իրենք առաջին անգամ հանդիպել են Ստեփանակերտի հրապարակում.

«Միանգամից սիրահարվեցի... Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ»,-անկեղծացել էր նա:

IMG_7575.JPG (114 KB)

Երգիչը նաեւ տեղեկացրել էր, որ Աննան եւս սիրում է երգել, եւ դա նրա մոտ լավ է ստացվում:

Աննան, ի դեպ, նկարահանվել է նաեւ ամուսնու «Իմս» երգի տեսահոլովակում. երգը կրկին հենց նրան է նվիրված: Խոսելով կնոջ՝ երաժշտության հանդեպ հետաքրքրության մասին՝ Վլադիմիրը չի բացառել, որ, միգուցե, մի օր հանդես գան զուգերգով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էդգար Քամալյանի