Մեզ համար միևնույն է, թե ինչպես կմակագրվի գործը, մեր պարտականությունն է գործը քննել և դրան օբյեկտիվ լուծում տալը։ Այստեղ դատավորի խնդիրը չէ, թե ում կմակագրվի գործը, այստեղ հիմնականում անձի իրավունքների հետ կապված խնդիր է, որ անձը ԵԿ 6-րդ հոդվածի համատեքստում լիարժեքորեն օգտվի արդար դատաքննության իրավունքից, որի մեկ բաղադրիչն է՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իր վերաբերյալ գործի քննությունը և լուծումը։ Այս մասին ԱԺ-ում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով դատարանների նախագահների կողմից գործերի ձեռքով մակագրմանը։
Դատավորի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ դատարանում քննչական գործողություն կատարելուց առաջ ԲԴԽ-ն, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, պետք է իրազեկվի, որը ձևական չէ, այն ենթադրում է, որ սահմանադրական մարմինը պետք է հնարավոր ռիսկերն ուսումնասիրի և հասկանա, թե ինչ է կատարվում։ Վարդանյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ԲԴԽ-ին ինչ փաստաթղթեր, հիմնավորումներ են ներկայացվել, սակայն ԲԴԽ պաշտոնական հաղորդագրությունից երևում է, որ ընդամենն իրազեկվել է, մինչդեռ, այդ գործընթացները պետք է ավելի թափանցիկ լինեն, ընդ որում, իրազեկված պետք է լինեն ոչ միայն դատավորները, այլև՝ քաղաքացիները։
Անդրադառնալով մակագրումներին՝ Վարդանյանը նշեց, որ օրենքը հստակ կանոնակարգել է, որ անհաղթահարելի ուժի ծագման պարագայում մակագրությունը պետք է կատարվի պատահականության սկզբունքով՝ ազգանունների այբբենական հերթականությամբ, ինչպես նաև՝ հավասարաչափության սկզբունքի պահպանմամբ, որտեղ և առկա են խնդիրներ։ Մասնավորապես, դատավորները զգացել են հավասարաչափության սկզբունքի խախտումներ։
«Չի կարող նորմալ իրավիճակում մի դատավորը, որը նվազեցման սկզբունքներից չի օգտվում, 25 տոկոսով ավելի շատ գործ ստանա, քան՝ մյուս դատավորը» ,- նշեց Արշակ Վարդանյանը՝ հավելելով, որ փաստաբանական համայնքն արձանագրել է նաև այբբենական մակագրման կանոնի խախտման դեպքեր, առկա են հարցումներ իրականացված։
Դատավորները նաև ինֆորմացված չեն ԱԱԾ-ում քննվող քրեական գործի քննությունից, ԲԴԽ-ն կողմ չէ, տուժող ճանաչված չէ, թեև մակագրումն ուղղակիորեն առնչվում է դատարանների անկախությանը։ Դատավոր Արշակ Վարդանյանն ընդգծեց, որ անձի հարց չէ՝ ով է դատարանի նախագահը, որ դատարանի մասին է խոսքը, հետաքրքիր է, թե ինչ միջամտություն է, համակարգի անխափան աշխատանքի, գաղտնիության, անվտանգության պատասխանատուն ԲԴԽ-ն է։
«Եթե այդտեղ ինչ-որ չարաշահումներ են եղել, պատասխանատուն ով է և խնդիրն ինչ եղանակով է լուծվում»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, թե արդյոք մեկ գործի (ԱԱԾ-ում քննվող քրեական գործ հեղ.) կարևորությունն ավելի մեծ է, քան՝ ամբողջ ծրագրի աշխատանքը, հանրային շահերը համադրելու դեպքում առերևույթ հանգում ես հետևության, որ մեկ գործի պատճառով չի կարելի խափանել համակարգչային ողջ ծրագիրը։
Բացի այդ՝ կա նաև օպերատիվ-հետախուզական մյիջոցառումներ և եթե օնլայն ռեժիմով համակարգին միջամտում են, քրեական հետապնդման մարմիններն ունեն համապատասխան գործիքակազմ։
«Այնպես չէ, որ մեզ մակագրվեց գործը՝ նազ ու տուզ անելու խնդիր կա, որ քննում եմ, չեմ քննում։ Բոլորս պարտավոր ենք այդ գործերը քննել և լուծում տալ, խնդիր չկա, բայց այդ ամենը պետք է լինի օբյեկտիվության դաշտում, օբյեկտիվ գործոնների պահպանությամբ։ Այն չափանիշները, որոնք նախատեսված են գոնե մեր ներպետական օրենքով՝ պետք է պահպանվեն »,- նշեց Վարդանյանը։










