Երեկ վարչապետի օգնականն ասաց, որ մեր վարչապետը չի ուզում մեզ հետ հանդիպի։ Ինչու՞ չի ուզում հանդիպի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց շիրակցի գերու հարազատներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանցից երեքին այսօր առաջարկել են հանդիպել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, սակայն գերեվարվածների հարազատները հրաժարվել են հանդիպել։
«120 կմ եկել ենք, որ երեք հոգով Նաիրի հե՞տ հանդիպեն։ Նաիրին ի՞նչ պետք է ասի մեզ։ Եթե վարչապետը մեզ ասելու բան չունի, Նաիրին ի՞նչ պետք է ասի»,-ասաց գերեվարվածի հարազատը։
Վերջիններս անժամկետ շարունակում են նստացույցը կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին և գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ Նշենք, որ մինչ այժմ Հայաստան են վերադարձել շիրակցի գերիներից 29-ը։










