Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
«Տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոյաների համար խիստ արդիական է դառնում: Yerevan.Today-ն արդեն գրել է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված կենսագրականը ավելի շատ հիշեցնում է փաստավավերագրական ֆիլմ: Նշված է, որ նա դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում: Այնուհետև նկարագրվում է Մելիքսեթ Պողոսյանի գործունեությունը որպես կամավորական և ազատագրական պայքարի առաջամարտիկ: Նշվում է, որ նա մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանը: Այնպիսի մանրամասներով է ներկայացված այս ամբողջը, որ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը նման զինվորական հմուտ գործչի թողած՝ համակարգի հետ կապ չունեցող Պապիկյանին նշանակեց Պաշտպանության նախարար:
Ամեն դեպքում, այս գեղարվեստական նկարագրության մեջ պակասում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ որտեղ է ստացել բարձրագույն կրթություն Մելիքսեթ Պողոսյանը: Քանի որ հատկապես հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշվում է, որ ոչ թե մարզպետ կարող են նշանակվել այն անձինք, որոնք աշխատել են կոլտնտեսությունում, եղել են չոբան, մասնակցել են պատերազմի, այլ կոնկրետ կա բարձրագույն կրթություն ունենալու պահանջ։
Yerevan.Today-ը դիմեց Սյունիքի մարզպետարան՝ օրենքով սահմանաված կարգով խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է ստացել կրթությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ո՞ր թվականներին։ Ո՞ր թվականին է ավարտել և ի՞նչ մասնագիտական որակավորմամբ։ Եվ խնդրել էինք տրամադրել դիպլոմի պատճեն։
Սյունիքի մարզպետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ հասցեատերը իրենք չեն, այլ կառավարությունը, քանի որ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը: