Ղազախստանում սկսված օպերացիան, որտեղ թուրքական գործոնը, Թուրքիայի դերակատարումը պետք է ուժեղանար, ձախողվեց: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքերով` այս պահին կարող ենք արձանագրել, որ թուրան կոչված ծրագիրը Ղազախստանում պարտություն կրեց, թեև չի բացառվում, որ ահաբեկչական խմբավորումների, անձանց ձերբակալությունները, հետախուզումը կարող են ամիսներ տևել:
Հայկ Նահապետյանը նշում է, որ չնայած Նուրսուլթան Նազարբաևն իշխանությունը հանձնել էր Տոկաևին, բայց գործնականում բոլոր լծակները, ուժային կառույցներն իր ձեռքում էին:
«Վերջին 2-3 տարիներին Ղազախստանն իր տնտեսական, քաղաքական, մշակութային ուղղվածությունն ամբողջովին ուղղել էր դեպի արևմուտք: Գազի մշակումն ու արտահանումը տվեց արևմտյան ընկերություններին, մասնավորապես բրիտանական ընկերություններին: Ղազախստանը, լինելով աշխարհում ուրանի պաշարներով առաջինը, իր պաշարների արտահանման և մշակման 80 տոկոս հնարավորությունը տվեց բրիտանական և ամերիկյան ընկերություններին: Եթե հաշվի առնենք, որ Ղազախստանի պետական բյուջեի 50 տոկոսից ավելի մուտքերը հանքարդյունաբերության ժամանակ ստացվող շահույթից է, ապա կարելի է գնահատել, թե ինչ ազդեցություն ունեն արևմտյան, հիմնականում անգլիական, ամերիկյան ընկերությունները Ղազախստանի տնտեսության վրա»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ Ղազախստանի հարավը հիմնականում ազգայնականության, հակառուսականության մի ամբողջ գոտի է:
Ընդ որում փորձագետը հատկանշական է համարում նաև այն հանգամանքը, որ վերջին 5-6 տարիների ընթացքում Ղազախստանի բարձրաստիճան և միջին խավի պետական կառավարման մեջ ներգրավվածները հիմնականում վերապատրաստում էին անցնում Մեծ Բրիտանիայում:
Հայկ Նահապետյանը նշում է, որ Նազարբաևը գործնականում անում էր այնպես, որ Ղազախստանը դուրս բերվի Ռուսաստանի ազդեցությունից, միաժամանակ ներգրավվելով թուրանական մեծ պրոեկտին, որտեղ Թուրքիայից զատ առանցքային դերակատարում պետք է ունենար նաև Ղազախստանը: Այս ամենի համատեքստում փորձագետի խոսքով Ղազախստանն ուղղակիորեն խնդրահարույց է դառնում Ռուսաստանի համար:
Հայկ Նահապետյանի գնահատմամբ Ղազախստանի այս գործընթացները նախատեսված էր սկսել փետրվար-մարտ ամիսներին:
«Ռուսաստանի կողմից 2021-ի դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ներկայացրած անվտանգության երաշխիքների երկու փաստաթղթում նկատվում էր, որ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ անդամ երկրներին վերջնաժամկետ էր տրվել ՆԱՏՕ-ն իր զորքերը պետք է դուրս բերելու համար: Հետևաբար այդ վերջնագրի տրամաբանության մեջ է մտնում, որ Ղազախստանում տեղի ունենար իշխանափոխություն: Ընդ որում իշխանափոխության գործընթացը սկսեց Նազարբաևը, որն այդ ժամանակ դեռ ԱԽ ղեկավար էր»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Ղազախստանում պարարտ հող էր կար, որ հարավում գտնվող Ղազախստանի քաղաքացիներն ընդվզեն: Գազի թանկացման և իրենց սոցիալական վիճակի բարելավման պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիները հատուկ ծառայությունների ձեռքին դարձան գործիք: Ղազախստանի 13 քաղաքում միաժամանակ նույն պահին բռնկվեցին հակակառավարական ցույցեր, բայց Ալմաթիում այդ ցույցերը մեկ օրվա ընթացքում վերածվեցին թալանի, ամենաթողության: Փորձագետի խոսքով ղազախ ժողովուրդը տեսավ, թե ինչ ասել է արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված օպերացիա:
«Ռուսաստանն արևմուտքին ստիպեց ժամանակից շուտ սկսել օպերացիան, որն ակնհայտորեն պարտություն կրեց: Այն օպերացիան, որ ժամանակից շուտ տեղի ունեցավ, այսինքն Ռուսաստանն արևմուտքին ստիպեց ԱՄՆ-ին ստիպեց ժամանակից շուտ օպերացիա սկսել, որն ակնահյտ է, որ պարտություն կրեց: Այդ օպերացիայի համար պատասխանատու երկու պետություն կա: Ինչպես Արցախի 44-օրյա պատերազմում, այնպես էլ Միջին Ասիայի ուղղությամբ գործողություններն իրականացվում են Թուրքիայի կողմից: Ղազախստանում մոտ 20 000 ահաբեկիչ գործողության են անցել, ընդ որում դրանց մի մասին բերել են Սիրիայից և Աֆղանստանից:
Ահաբեկիչների պատասխանատու պետությունը Թուրքիան է, իսկ մնացած գործողությունների պատասխանատուն՝ Մեծ Բրիտանիան: Արդյունքում այդ օպերացիան ձախողվեց, և Թուրքիան այնտեղ պարտություն կրեց»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Վերջինս հատկապես կարևորեց հայկական զորախմբի ներկայությունը Ղազախստանում՝ նշելով, որ նրանց ներկայությունը պաշտպանում է Հայաստանի շահերը: Ընդ որում եթե Թուրքիան պարտություն է կրում Ղազախստանում, ուղղակի թե անուղղակի դա թուլացնում է նաև Թուրքիայի ապագա ճնշումները Հայաստանի վրա:
«Ղազախստանի ճակատում Թուրքիայի պարտություն կրելն այս կամ այն ձևով նպաստում է նաև մեր անվտանգության բարձրացմանը: Մեծ պատերազմը դեռ չի ավարտվել: Ապագայում ևս ճակատամարտեր լինելու են, և դրանք լինելու են նաև Արցախի հետ կապված: Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության նվազումը Ռուսաստանի ստրատեգիական շահերից է բխում»,-հավելեց Հայկ Նահապետյանը:










