Դեկտեմբերի 4-ին գերությունից հայրենադարձված և հայրենիքում կալանավորված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանի իրավունքները խախտվում են հենց հայրենիքում։ Նրան կալանավորելու որոշման դեմ դեռեւս տոներից առաջ ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը չի քննել, իսկ երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ դատախազի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա նրանցից 5-ին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած 5 գերիների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
Զինծառայող Սերժիկ Ամիրխանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը ներկայացվել է դեռևս դեկտեմբերի 14-ին, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանին։ Վերջինս դատական նիստի օր էր նշանակել հունվարի 5-ին, սակայն նիստից մի քանի ժամ առաջ պաշտպանության կողմին տեղեկացվել էր, որ դատական նիստը տեղափոխվում է հունվարի 7-ին։ Պարզվում է, երեկ նշանակված դատական նիստը ևս չի կայացել, այս անգամ՝ դատախազի բացակայության հիմքով։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատախազը չէր ներկայացել դատական նիստին՝ տեղեկացնելով, որ այլ դատական նիստ ունի, չի կարող ներկայանալ։ Պաշտպանության կողմն առարկել է՝ նշելով, որ արդեն չափազանց շատ է ձգձգվել բողոքի քննությունը, դատախազի բացակայությունն անհարգելի է, դատարանը պետք է առանց դատախազի լսի բողոքը, սակայն նախագահող դատավորը հայտնել է, որ հարցեր ունի դատախազին, հետևաբար դատական նիստը պետք է հետաձգվի։
Պաշտպանության կողմը գտնում է, որ խախտվում է անձի խափանման միջոցի վերանայման իրավունքը և, թեև կոնկրետ օր սահմանված չէ, պրակտիկայում ընդունված է, որ բողոքը քննվում է շատ ավելի կարճ ժամկետներում։
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Սերժիկ Ամիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանը հայտնեց, որ Ամիրխանյանը մի քանի անգամ հարցաքննվել է, ցուցմունքներ տվել՝մանրամասն ներկայացնելով դեպքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան










