Փարաքարի ավագանու նիստի ընթացքում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 անձ է բերման ենթարկվել՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ այսօր Փարաքարի ավագանին համայնքապետի ընտրության հարցով նիստ էր հրավիրել, սակայն խմբակցությունները համաձայնության չէին եկել նիստը վարողի հարցում, այդ պատճառով նիստը հետաձգվում էր:
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները մուտք էին գործել Փարաքարի մշակույթի շենք, որտեղ պետք է տեղի ունենար ավագանու նիստը: Նրանց ու ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել ։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Ավագանու մնացած 11 անդամներն էլ համայնքապետ էին ընտրել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանին։
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:
«Ապրելու երկիր» կուսակցության անունը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ։










