Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց. Նիկոլ Փաշինյան


Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց. Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբեր 25 12:50 2021

Ինքս ժամանակին եղել եմ Երևանի քաղաքապետի թեկնածու և ամբողջությամբ պատկերացնում եմ, թե ինչպիսի բարձր պատիվ է լինել մայրաքաղաքի ղեկավար։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհավորեց Հրաչյա Սարգսյանին և հաջողություն մաղթեց նրան՝ այս կարևորագույն շրջանում նախանշված ծրագրերն իրագործելու համար։

«Շնորհավորում եմ նաև Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է և վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։ Եկեք արձանագրենք, որ այսօր արդեն ՀՀ 4000 և ավել բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է համայնքի կառավարման նոր մոդել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց՝ այն ծրագիրը, որը 2018թ.-ից իրագործվում է Երևան քաղաքում, դա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, և զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևանում, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին։

«2018թ.-ից ի վեր շուրջ 50 մլրդ դրամի ֆինանսական տարբեր գործիքներով Երևանի կառավարությունը հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին ոչ այն պատճառով, որ Երևանի ավագանիում մեր թիմն ունեցել է մեծամասնություն, այլ որովհետև մենք կարևորել ենք ինստիտուցիոնալ կայունությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։