Եթե մարդը հիվանդ է, ջերմություն ունի, վատառողջ է, ուրեմն իրեն հակացուցված է պատվաստվել. համաճարակաբան


Եթե մարդը հիվանդ է, ջերմություն ունի, վատառողջ է, ուրեմն իրեն հակացուցված է պատվաստվել. համաճարակաբան
Դեկտեմբեր 24 20:37 2021

Գրիպը և սուր շնչառական մյուս հիվանդությունները գլուխ են բարձրացրել, ինչը խոսում է այն մասին, որ համաճարակն ամենայն հավանականությամբ արդեն նահանջում է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ համաճարակաբանական կանոն է, որ համաճարակի ժամանակ այլ վիրուսները, հիվանդություններն ուղղակի ճնշվում են և հետին պլան մղվում, ինչպես դա եղավ կորոնավիրուսային համաճարակի սկզբնական և ամենաբուռն շրջանների ժամանակ։ Հիմա, երբ տեսնում ենք գրիպի և սեզոնային այլ հիվանդությունների ակտիվացում, դա կարող է նշան լինել, որ համաճարակը նահանջում է արդեն։

Դիտարկմանը, որ անսովոր դրսևորումներով վիրուս է տարածված, Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց՝ գրիպը և սուր շնչառական հիվանդություններից յուրաքանչյուրն ամեն տարի մի փոքր յուրահատուկ դրսևորում է ունենում, սակայն համաճարակաբանն այստեղ որևէ արտառոց բան չի տեսնում։

Հարցին՝ արդյոք գրիպի և շնչառական հիվանդությունների տարածումը կարո՞ղ է խոչընդոտել կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացին, համաճարակաբանն ասաց.

«Ցանկացած պատվաստում, լինի դա կորոնավիրուսի, թե այլ հիվանդության դեմ, սուր պրոցեսում հակացուցված է։ Եթե մարդը հիվանդ է, ջերմություն ունի, վատառողջ է, ուրեմն իրեն հակացուցված է պատվաստվել»,-նշեց համաճարակաբանը։

Վերջինս կարծում է, որ առհասարակ կորոնավիրուսի դեմ պատվաստման կարիք ունեն դեռևս չվարակվածները, բարձր տարիքի և ռիսկի խմբում գտնվող մարդիկ, իսկ մյուսները, հատկապես արդեն կորոնավիրուսով վարակված ու ապաքինված մարդիկ ըստ համաճարակաբանի՝ պատվաստման կարիք չունեն։

Հարցին՝ նշանակում է արդեն հիվանդացածներն ունե՞ն անհրաժեշտ քանակությամբ հակամարմիններ, որոնք կարող են պաշտպանել կրկնավարակից, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց.

«Միայն հակամարմինները չեն։ Կա իմունային երկարատև հիշողություն, և երբ նույնիսկ հակամարմինները նվազում են, այդ մեխանիզմն աշխատում է։ Երբ մարդը հանդիպում է վիրուսին, նորից սկսում է բավարար քանակով հակամարմիններ արտադրել։

Բազմաթիվ ապացույցներ, հետազոտություններ կան, որ բնական իմունիտետը շատ ավելի արդյունավետ է, քան պատվաստումայինը։ Դա շատ ավելի երկարատև, արդյունավետ է, հետևաբար ինչու՞ ներխուժենք ինչ-որ բնական պրոցեսների մեջ և խանգարենք օրգանիզմին»,-նշեց համաճարակաբանը։

Նրա խոսքով շատ երկրներում արդեն մեկ տարվա սերտիֆիկատ են տալիս ապաքինվածներին։ Համաճարակաբանը պնդում է, որ մարդիկ, որոնք ապաքինվել են, որպես կանոն կրկնավարակ չեն ունենում կամ այն ավելի թեթև են տանում։

«Իհարկե, կարող են բացառություններ լինել, բայց որպես կանոն կրկնավարակը ծանր ընթացք չի ունենում»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։

Հարցին, թե ի՞նչ հետևանք կարող է թողնել պատվաստումը կորոնավիրուսից ապաքինվածի օրգանիզմում, Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ դա ապագան ցույց կտա։ Այս պահի դրությամբ կան տարբեր տեսություններ, սակայն խնդիրը դեռ ուսումնասիրված չէ։