Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ վարույթը հարուցվել է՝ երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրելու համար. ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ


Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ վարույթը հարուցվել է՝ երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրելու համար. ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ
Դեկտեմբեր 23 20:42 2021

ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ, ներկայումս դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ ԲԴԽ Հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ստացել են միջնորդությունը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ առայժմ զերծ մնալով մեկնաբանություններ կատարելուց։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվող կարգապահական վարույթների թիվն աճել է, ընդ որում, շարունակում են վարույթներ հարուցվել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, դատավորը նշեց՝ «վեթթինգը մեզնով են սկսել»։

Հիշեցնենք, որ այս տարի կտրուկ աճել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթները, ընդ որում՝ թիրախում ոչ թե «նեոմացոիզմն» է՝ կախյալ և յուրաքանչյուր իշխանությունների կամքը դակող դատավորները, այլ՝ բարձր հեղինակություն վայելող դատավորները։

Այս տարվա ընթացքում վարույթներ են հարուցվել դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի, Սերգեյ Մարաբյանի, Արման Հովհաննիսյանի, Վարդան Գրիգորյանի նկատմամբ։ Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ երեք վարույթներից մեկով ԲԴԽ-ն օրերս հայտարարել է խիստ նկատողություն, նրա վերաբերյալ ևս մեկ միջնորդություն՝ քննության փուլում է՝ հարվածի տակ դնելով դատավորի հետագա պաշտոնավարումը, քանի որ մի քանի աղմկոտ քաղաքացիական գործերով կայացրել է այնպիսի որոշումներ, որոնք դուր չեն եկել քաղաքական իշխանությանը։

Հատկանշական է, որ 2021թ սեպտեմբեր ամսին, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO)-ն, անդրադառնալով արված առաջարկությունների կատարմանը, իր զեկույցում արձանագրել էր, որ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերի հարուցումը չի դադարեցվել և առկա իրավիճակը համատեղելի չէ դատական իշխանության անկախության հետ։

Ստացվում է՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հստակ նշում է, որ նախարարության կողմից դատավորների նկատմամբ նման մեծ թվով վարույթներ հարուցելու պրակտիկան համատեղելի չէ դատարանների անկախության հետ, իսկ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեռ մի բան էլ՝ որոշել է հաղթահարել իրեն նախորդող Ռուստամ Բադասյանի «ռեկորդը» և առավել մեծ թվով վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ, ավելին՝ հայտարարում է, թե դատավորների վեթթինգն արդեն սկսվել է։ Հատկանշական է, որ Անդրեասյանն ինքը, նախկինում զբաղեցնելով ՄԻՊ-ի պաշտոնը, քննադատաբար է մոտեցել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմանը՝ նշելով, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայում «ամենաարդյունավետ» լծակն է՝ դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար։