Արմեն Սարգսյանի՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերը հերթով դադարեցվում են․ վաճառում են հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրաբերած մեքենան


Արմեն Սարգսյանի՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերը հերթով դադարեցվում են․ վաճառում են հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրաբերած մեքենան
Դեկտեմբեր 22 21:09 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերը հերթով դադարեցվում են: Հիմնադրամի ամենածախսատար ծրագրերից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվող «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնի գոյությունն էր, որտեղ 4 տարվա ընթացքում անվճար վերականգնողական ծառայություն են ստացել հաշմանդամություն ունեցող մոտ 600  երեխաներ:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ,  «Լուսէ» կենտրոնն այլևս «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերից չէ: «Լուսէն»  առանձնացել է «Երևան իմ սեր» հիմնադրամից ու վերածվել է հասարակական կազմակերպության: Հիմնադրամը բավարարվում է ընդամենը տարածք տրամադրելով: Հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսէ» կենտրոնի ֆինանսավորումից նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր էր հրաժարվել դեռ նախորդ ձմռանը, սակայն հետո փոշմանել է՝ հաշվի առնելով երկրում տիրող հետպատերազմյան վիճակը: Հիմա նախագահի հիմնադրամում վաճառում են մեքենաները, անգամ վաճառքի է հանվել այն մեքենան, որը հիմնադրամին էր նվիրել «Save the children» կազմակերպությունը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժը ապահովելու նպատակով:

Իսկ «Երևան իմ սեր» հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ ունեցած բոլոր պարտքերը մարում են՝ վճարում են անգամ մինչև այս պահը չօգտագործած արձակուրդի դիմաց: Աշխատակիցները հույս ունեն, որ նախագահն իրենց աշխատանքի կտեղավորի կամ նախագահի աշխատակազմում, կամ՝ նրան պատկանող ընկերություններից որևէ մեկում: Հիմնադրամի լուսանկարիչ, զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանին խոսատացել են աշխատանքի տեղավորել մարտական գործողությունների մասնակցած անձանց համար իրականացվող «Նոր էջ» ծրագրում, որն իրականացնում է հայկական HR ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

 

Հիմա «Երևան իմ սեր» հիմնադրամում գրեթե պարապուրդ է: Նախկինում իրականացվող ծրագրերը մեկը մյուսի հետևից դադարեցվեցին: Ամիսներ առաջ էլ աշխատանքից հեռացվեց այն ժամանակ հիմնադրամի կազմում գործող «Լուսէ» կենտրոնի սոցիալական մանկավարժ Դավիթ Հարությունյանը: