Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան


Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան
Դեկտեմբեր 18 22:56 2021

Արցախյան 44-օրյա դաժան պատերազմը խլեց բազմահազար քաջորդիների կյանքեր, ովքեր ելան պատերազմի՝ «մահ իմացյալ» կարգախոսով:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արթուրի հայրը՝ Արմեն Ասրյանը, խորը կսկիծով, բայց մեծ հպարտությամբ է խոսում հայրենասեր որդու մասին, ում հիշատակին հանձն է առել ստեղծել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը:

«Արթուրը ծնվել է 2000 թվականի հուլիսի 22-ին, Ստեփանակերտ քաղաքում:

2006-2014 թթ. սովորել է Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում, 2014-2017թթ.՝ Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում:

Դպրոցական տարիներից ակտիվորեն ներգրավվել էր իրականացվող ծրագրերում, իսկ ռազմահայրենասիրական և ռազմամարզական միջոցառումներին նրանց թիմը միշտ մրցանակային առաջին տեղն էր գրավում:

Ու պարբերաբար պատվոգրերի էր արժանանում: 8 տարեկանից սկսել է հաճախել «Կիոկուշին կարատե» մարզաձի դասընթացների, և հենց առաջին տարիներից էլ հաջողություններ գրանցել` մի քանի անգամ ճանաչվելով Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության չեմպիոն։ Արթուրը Հայաստանի հավաքականի կազմում 3 անգամ հանդես է եկել Եվրոպայի կիոկուշին կարատեի առաջնությանն ու 2 անգամ` Հունաստանում և Նիդեռլանդներում, գրավել մրցանակային 2-րդ տեղը:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժինը, իսկ 2019 թ. հունվարի 9-ին զորակոչվել բանակ և ծառայել 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում: Այդ ընթացքում նրան շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում, և նշանակվել է կրակային դասակի հրամանատարի տեղակալ-հաշվարկի հրամանատար։ Որդիս բարձր արդյունավետությամբ ծառայություն է անցել, մեծ հարգանք էր վայելում սպայակազմի և զինվորական անձնակազմի շրջանում: Սպայակազմը մշտապես գոհունակություն էր հայտնում նրա բարձր պատրաստվածության համար»,-պատմել է Ա. Ասրյանը: Հոր խոսքով` հերոսը նպատակասլաց էր, սիրում էր շրջապատում լինել առաջնորդ, աչքի էր ընկնում իր նախաձեռնողականությամբ: