Քանի՞ հոգի են միացել Հայկ Մարությանին հեռացնելու պայքարին, ո՞վ է ամենահավանական թեկնածուն ու ո՞վ է նախաձեռնել գործընթացը․ Անի Խաչատրյանը՝ նախագծի մասին


Քանի՞ հոգի են միացել Հայկ Մարությանին հեռացնելու պայքարին, ո՞վ է ամենահավանական թեկնածուն ու ո՞վ է նախաձեռնել գործընթացը․ Անի Խաչատրյանը՝ նախագծի մասին
Դեկտեմբեր 16 12:22 2021

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը գործընթաց է սկսել քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու համար։

 

PressTime.am-ի հետ զրույցում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, պատասխանելով հարցին՝ միացել է արդյո՞ք ստորագրահավաքին, ասաց, որ ստորագրահավաքի մասին նոր են իմացել, օրվա վերջում պարզ կլինի։

 

-Իսկ խմբակցության մոտեցումը միասնակա՞ն է լինելու։

 

-«Լույս» խմբակցությունը չի կարող միասնական որոշում ունենալ։ Եթե ունենա էլ, դա զուտ պատահական համընկնում կլինի, որովհետև խմբակցությունում երեք շատ տարբեր քաղաքական ուժեր են։

 

-Իսկ, քանի՞ հոգի է միացել ստորագրահավաքին։

 

-40 և ավել։

 

-Տեքսը Ձեզ ծանո՞թ է արդեն։

 

-Տեքստին ծանոթ չեմ։ Սովորաբար այն լինում է շաբլոնային, որտեղ առաջարկվում է նաև նոր թեկնածուն։ Այսինքն, անվստահություն հայտնելն ու նոր թեկնածուին առաջադրելը միմյանց հետ փոխկապակցված են։ 

 

-Իսկ ո՞վ է այդ նոր թեկնածուն։

 

-Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Անուններ շրջանառվում են։ Ես կարծում եմ, որ ամենահավանական թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է։

 

-Տիկին Խաչատրյան, խնդրում եմ օգնել հասկանալ, թե ի՞նչ է լինելու, եթե քաղաքապետը հեռացվի, նոր ընտրություննե՞ր։

 

-Միանգամից մեկ նախագծով նոր քաղաքապետ է ընտրվելու։ Եթե ավագանու ներսից թեկնածու է առաջադրվում, էլ նոր ընտրություններ չեն լինում։ Եթե թեկնածու չառաջադրվի, նոր ընտրություններ կլինեն։

 

-Իսկ Դուք գիտե՞ք, թե ով է նախաձեռնել այս գործընթացը։

 

-Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Խմբակցությունը ղեկավար ունի, երևի հենց ղեկավարի ու խմբակցության քննարկման արդյունքում է։ Օրինակ մեր խմբակցությունը, երբ դեռ գործում էր դաշինքի շրջանակում, խմբակցության ղեկավարի հետ քննարկման արդյունքում էինք ցանկացած նախագիծ ներկայացնում։ Կամ միգուցե քաղաքական թիմի հետ քննարկման արդյունքում է եղել։