«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Presstime.am-ի հետ զրույցում Կոչուբաևն ասաց, որ գործը վերաբերում է կառավարության զանգվածային անկարգություններին, կառավարության շենքում դրոշ ծածանելուն, որը որպես կողոպուտ է որակվել: Հիմա միջնորդություն են ներկայացնելու դատարան նրան կալանավորելու նպատակով:
Հարցին՝ դրոշը Նարեկն իր հե՞տ է տարել, թե՝ կառավարության դրոշն է եղել, փաստաբանն ասաց, որ կառավարության դրոշն է եղել․ «Իրականում այստեղ մեղադրանք էլ չկա որպես այդպիսին: Ծիծաղ է առաջացնում»։
-Իսկ նրան հարցաքննության կանչե՞լ են։
-Ոչ, այս մեղադրանքն առաջադրված է եղել դեռևս 10 օր առաջ, կիրառված է եղել ստորագրություն չհեռանալու մասին։ Այսինքն, ընդամենը քաղաքական որոշում է կայացվել, որ պետք է ռեպրեսիվ գործիքակազմն ուժեղացնել: Դրա մասին վկայում է Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը և մյուս քաղաքական գործերով հետապնդումների ակտիվությունը:
-Պարոն Կոչուբաև, հիմա քննարկում կա այն մասին, որ հայ-թուրքական հարաբերություններում ու առհասարակ քաղաքական դաշտում ինչ-որ բաներ են կատարվում ու փորձ է արվում այսպիսի գործերով շեղել հանրության ուշադրությունը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։
-Ես ևս այդ տեսակետին եմ, քանի որ այս քրեական գործում իրավաբանություն չկա։ Զավեշտի ժանրից է։ Իրավաբանություն չկա, ուստի ես չեմ կարող այս ամենը ենթարկել իրավական վերլուծության։
-Իսկ ի՞նչ պատիժ է ենթադրում մեղադրանքը, որն առաջադրվել է Մանթաշյանին։
-Ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով։










