Իշխանությունը խաղի մեջ է մտցրել կրիմինալին


Իշխանությունը խաղի մեջ է մտցրել կրիմինալին
Դեկտեմբեր 14 11:30 2021

 

Նիկոլ Փաշինյանը, որ տարիներ առաջ հայտարարում էր, թե ժողովուրդը երբ ասի` գնա, ինքը կհեռանա, այսօր անգամ ժողովրդի ընտրության հետ չի կարողանում համակերպվել եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած պարտությունը «հաղթանակ» սարքելու համար գործի է դրել անգամ կրիմինալ տարրերին։ 

Նախորդ շաբաթվա ընթացքում մենք լսում էինք տարբեր համայնքներում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդեպ ճնշումների, սպառնալիքների մասին։ ՏԻՄ-երում 50 տոկոսից պակաս ձայն ստացած ՔՊ-ականները տեռորով ու ճնշումներով փորձում են այս ուժերին ստիպել, որ իշխանությունը զիջեն իրենց կամ միանան եւ 50 տոկոսից ավելի ձայն ապահովեն իրենց համար։ Վարդենիսում, Արթիկում եւ այլուր իշխանությունների գործողությունները կարծես հաջողությամբ են պսակվել։ Երեկ այդ կեղտոտ ճանապարհով զավթվեց նաեւ  Արագածոտնի մարզի Թալին համայնքի իշխանությունը:

 

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն՝ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, ընտրություններից երկու օր անց մասնակից երեք ուժերը՝ Արա Զոհրաբյանի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը հայտարարեցին համագործակցության մասին, հրապարակեցին նաեւ քաղաքապետի թեկնածուի անունը՝ ի դեմս Թալինի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանի, որը գլխավորում է «Հայք» կուսակցության ցուցակը։ Ավագանու 21 մանդատից «Զարթոնքը» ստանալու է 6, «Հայքը»՝ 3, «Մեր համայնքը»՝ 2 մանդատ՝ ընդհանուր ունենալով 11 մանդատ ավագանիում, իսկ ՔՊ-ին բաժին է հասնելու 10 մանդատ: Դեկտեմբերի 13-ին տեղի է ունենցել մանդատների բաշխում, որից հետո՝ 17-ին, կգումարվի նորընտիր ավագանու առաջին նիստը:

 

Մեզ հասած տեղեկություններով, մի քանի օր Թալինի ընդդիմադիր քաղաքապետացուի նկատմամբ աննախադեպ ճնշումներ էին գործադրվում, որպեսզի այս կոալիցիան փլուզվի: Իշխանությունը մարզ է «գործուղել» իր հովանավորյալ քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին, որն առավել հայտնի է Չաղ Ռուստամ անունով։ Նա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմն է եւ հետպատերազմյան շրջանում ամեն ինչ արել է Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար՝ հատուկ քաղաքացիական անձանցից ձեւավորված խմբեր է ստեղծել ու շուրջօրյա հերթապահություն իրականացրել կառավարական ամառանոցում։

Ինչեւէ, Չաղ Ռուստամն ու Կարեն Գրիգորյանը, պարզվում է, ազգականներ են, իշխանությունները հասկանալով, որ ազգականի նկատմամբ քրեական հեղինակությունն ազդեցություն կունենա, իսկ իրենք էլ Ռուստամի նկատմամբ ազդեցության լծակներ ունեն, գործի են դրել դրանք։

 

Մեր տեղեկություններով, վերջին օրերին Երեւանի օբյեկտներից մեկից նրան «ասֆալտին փռելով»՝ բերման են ենթարկել ոստիկանություն, ապա  քրեական ծանր հոդված առաջադրել ու հասկացրել, որ կփտի բանտերում, եթե Թալինում չփրկի իշխանությանը՝ իր ազգականին չհամոզի միանալ ՔՊ-ին՝ իր ձայները տալով Տավրոս Սափեյանին: Այլընտրանք էլ են առաջարկել՝ չմասնակցել ավագանու անդրանիկ նիստին եւ թողնել, որ ՔՊ-ն իր մեծամասնական մանդատով քաղաքապետ ընտրի։

Երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ իշխանության ջանքերը հաջողությամբ են պսակվել, չնայած Թալինի մեր աղբյուրները փոխանցում էին, որ Կարեն Գրիգորյանը «ձիգ» տղա է, եւ նրա համար սկզբունքային է «հողատու» իշխանության հետ չհամագործակցելը ու մինչեւ վերջ դիմադրելու է, հատկապես, որ նրա կողմնակիցները մի քանի օր է՝ թեկնածուի տան առջեւ բողոքի ցույցեր են կազմակերպում, ամոթանք տալիս Գրիգորյանին, հիշեցնում նախընտրական խոստումները, ընդդեմ իշխանությունների իր հայտարարությունները եւ հորդորում չխաբել իրենց, քանի որ իրենք ձայն են տվել ոչ թե ՔՊ-ին, այլ ՔՊ մրցակցին։ Երեկոյան նա հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով մանդատներից հրաժարվելու մասին։

 

«Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ»,- գրել է նա՝ նախընտրելով դուրս գալ ավագանուց, բայց ՔՊ-ի հետ դաշինք չկազմել։ 

 

Մինչ հայտարարությունը զրուցել էինք «Հայք» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Պողոսյանի հետ, որը Վերին Սասնաշենի գյուղապետն է։ Նա մեզ ասել էր, թե չի բացառվում, որ միանան ՔՊ-ին։ «Ամեն ինչ էլ հնարավոր է… Հա, կոալիցիա ենք կազմել, բայց կարող է ընենց սիտուացիա ստացվի, որ միանանք, ոչ մի բան հիմա չեմ կարա ասեմ»,- ասաց Պողոսյանը։ Հետաքրքրվեցինք՝ նկատի ունի, որ ճնշումների՞ն չդիմանան։ «Ես ըտենց ինֆորմացիա չունեմ… երկու օր ա՝ դաշտն եմ, շատ բաներից տեղեկություն չունեմ»։ Տեղյակ չե՞ք, որ ցուցակի առաջնորդի տան առջեւ բողոքի ակցիաներ են անում, այդ թվում՝ ձեր համագյուղացիներից։ «Եղել են նման բաներ»։ Եվ, ուրեմն, եթե միանաք ՔՊ-ին, ի՞նչ եք ձեր ընտրողին պատասխանելու։ «Շատ գիտեմ, էդ էլ մեր խնդիրն ա»։

 

Անձամբ Պողոսյանը դեմ չէ ՔՊ-ի հետ համագործակցությանը․ «Ինչի՞, ՔՊ-ն մեր ժողովուրդը չե՞ն»։ Եթե ձեր ժողովուրդն են, ձեր համագյուղացիներն ինչո՞ւ են բողոքի ակցիա անում, կամ ինչո՞ւ ՔՊ-ով չեք առաջադրվել։ «Դե, չստացվեց, եթե հնարավոր լիներ, հենց ՔՊ-ով էլ կառաջադրվեի»։ Կարեն Գրիգորյանի հետ Պողոսյանը զրուցել է 4-5 օր առաջ․ «Մենք իրար հետ վիճաբանել ենք,  հիմա էլ կապ չկա»։ Վեճի պատճառն իշխանության հետ համագործակցությո՞ւնն է եղել, Դուք կողմ էիք, ինքը՝ դե՞մ։ «Դե վերջը, էլ չխորանանք՝ ում հետ եմ ուզում համագործակցել, ինչ եմ ուզում»,- ասաց Պողոսյանն ու անջատեց հեռախոսը։