Զինհաշմանդամը ՊՆ-ի տրամադրած՝ 300 հազար դրամ օգնության փոխարեն խնդրում է լուծում տալ իր խնդրին. Տեսանյութ


Զինհաշմանդամը ՊՆ-ի տրամադրած՝ 300 հազար դրամ օգնության փոխարեն խնդրում է լուծում տալ իր խնդրին. Տեսանյութ
Դեկտեմբեր 6 17:34 2021

«Ինձ՝ զինհաշմանդամիս, հատկացված 300 հազար դրամ օգնությունը պետք չի, կբերեմ կվերադարձնեմ: Այն կարող եք ուրիշներին տալ: Եթե ուզում եք ինձ օգնել, կազմակերպեք իմ՝ երկրից դուրս գալը, որպեսզի բուժում ստանամ արտերկրում: Ինձ ուրիշ այլ օգնություն հարկավոր չէ, ուրիշ հարց այս պահին ինձ չի հետաքրքրում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դիմելով Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին, ասում է 1-ին խմբի զինհաշմանդամ, սխալ վիրահատության պատճառով առողջությունից զրկված 32-ամյա Դավիթ Հակոբյանը:

«ՊՆ պաշտոնյաները թշնամական վերաբերմունք են ցուցաբերում իր հանդեպ այն պատճառով, որ անընդհատ հիշեցնում եմ իմ խնդրի մասին, պահանջում լուծում տալ դրան»,- ասում է երիտասարդը՝ տեղեկացնելով, որ պարբերաբար դիմում-նամակներ է հասցեագրում ՊՆ-ին, խնդրում հանդիպում՝ նախարարի հետ, սակայն ապարդյուն, ոչ ոք իր վրա ուշադրություն չի դարձնում:

«Խոստացել են, որ կուղարկեն Գերմանիա բուժվելու, խոստացել էին, որ բուժզննում կանցնեմ. ոչինչ չարվեց...: Այս պետության մեջ ես գերու կարգավիճակով ապրում եմ»,- ասում է նախկին զինծառայողը՝ խնդրելով ՊՆ-ի տրամադրած գումարի փոխարեն իր խնդրին լուծում տալ:

Հիշեցնենք՝ MAMUL.am-ն անդրադարձել է Դավիթ Հակոբյանի խնդրին՝ բարձրաձայնելով նրա հետ տեղի ունեցածը: Մեր թղթակիցը նաև հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարությանը, սակայն մինչ օրս (շուրջ 25 օր), պատասխան չի ստացել: