«Իրենք եկել են ԱԺ ի՞նչ անեն». Ալեն Սիմոնյանի հարցին` Հայկ Մամիջանյանի պատասխանը


«Իրենք եկել են ԱԺ ի՞նչ անեն». Ալեն Սիմոնյանի հարցին` Հայկ Մամիջանյանի պատասխանը
Դեկտեմբեր 3 00:13 2021

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հստակ չի հիշում, թե ե՞րբ է տեղեկացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ Մադրիդ չմեկնելու մասին, սակայն հաստատում է, որ առնվազն մի քանի օր առաջ է ասել եւ խնդիրն այս դեպքում մնում է ԱԺ աշխատակազմի տիրույթում, քանի որ ձեռք են բերվել տոմսեր, որոնք չեն ենթադրում վերադարձ: Այս մասին Հայկ Մամիջանյանն ասաց Aravot.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ի պատասխան իշխանությանն ուղղված ընդդիմադիրների՝ պետական գումարները սեփական հայեցողությամբ վատնելու մեղադրանքների, ասել էր. «ԱԺ խորհրդի հատուկ նիստ հրավիրեցինք, որպեսզի անունները փոխենք, որպեսզի ինքն ընդդիմության ներկայացուցիչ, գա այնտեղ: Գնեցինք տոմս, հյուրանոց ամրագրեցինք, ծախս արեցինք՝ իր հետ համաձայնեցված եւ վերջին րոպեին ասում է՝ չեմ գալիս, դա մեր դիրքորոշումն է: Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք եկել են ԱԺ ի՞նչ անեն: Էն դեղին մամուլի հայտարարությունները, որ տարբեր պատգամավորներ վեր են կենում ինձ հարցնում են՝ ո՞նց անցավ հանգիստդ, իրենք իրենց կայքերով էլ էին դա անում»: Ապա Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը մեղադրեց անգործության մեջ. «Քանի՞ օրենսդրական նախաձեռնություն է արել ընդդիմությունը վեց ամիսն արդեն անցավ: 4-5 օրենքի նախագիծ կա, որը բերում է Արամ Վարդեւանյանը, մենք ինչ անում ենք, գնում դրա հակառակը բերում է: Իսկ կարող է՞ այդ սենյակները տանք ավելի լավ նպատակի, ԱԺ-ն չապահովի իրենց, դա էլ խնայողություն անենք»: Հայկ Մամիջանյանն Ալեն Սիմոնյանին բացատրում է, թե իրենք ինչո՞ւ են խորհրդարան գնացել. «Խորհրդարանի ամբիոնը մեզ համար պայքարի եւս մեկ գործիք է, այս ապիկար իշխանություններից երկիրն ազատելու համար: Բայց, այնուամենայնիվ, «Պատիվ ունեմ» խմբակցության բոլոր պատգամավորները օգտագործել են բոլոր լծակները՝ մեր երկրի առջեւ ծառացած ամենատարբեր խնդիրների լուծման համար: Ուզում եմ հիշեցնել, որ հենց այս իշխանություններն էին, որ մերժեցին Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել ԱԺ-ում, այս պահին մեր նախաձեռնությամբ ստեղծվել է եւ գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետական բյուջե փոխանցված գումարների ծախսման արդյունավետությունը քննող հանձնաժողով:

Բացի այդ, խորհրդարանական եւ կուսակցական դիվանագիտության բոլոր լծակներն օգտագործվում են՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Եվ բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գեւորգյանի ու շատ այլոց ելքը երկրից ապօրինաբար սահմանափակվել է եւ ի համերաշխություն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հրաժարվել են մասնակցել այս կամ այն գործուղմանը, բայց երբ դա հնարավոր է եղել՝ առցանց մասնակցել ենք ամենատարբեր միջազգային կառույցների աշխատանքներին: Նոյեմբերի 16-ին էլ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ, երբ հարցը վերաբերվում էր ժողովրդավարացմանը եւ առկա էին բազմաթիվ աղաղակող փաստարկներ, որոնք ես անհրաժեշտ էի գտնում ներկայացնել՝ մեր երկրում ժողովրդավարացման գործընթացի մասին, իմ ելույթը նվիրել եմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը՝ հատուկ նշելով, որ Հայաստանում ավտորիտար կարգերի հաստատման մասին խոսելու առիթներ ես դեռեւս կգտնեմ»:

«Իշխող խմբակցության երեսփոխանների միջազգային վոյաժների վրա ծախսվող գումարների ծավալը բոլորիս հայտնի է, իսկ այդ արդյունավետությունը շարունակում է անհայտ մնալ»,- ասաց Հայկ Մամիջանյանը: Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարել էր, որ ընդդիմությունը չունի քաղաքական նպատակներ, իսկ ընդդիմադիրների կողմից Նիկոլ Փաշինյանի եւ իշխող թիմի հրաժարականի պահանջի մասով էլ հեգնել, որ եթե իշխանությունը մի անգամ էլ հրաժարական տա, «Պատիվ ունեմն» իր 4 տոկոսն էլ չի հավաքի: «Իմ եւ Ալեն Սիմոնյանի տարբերությունը կայանում է նրանում, որ ես կարիք չունեմ 200 հազար դոլարանոց մեքենայով եւ 2-3 մեքենա թիկնազորով շրջելու Երեւանում: Կարծում եմ, սա լավագույն ապացույցն է իմ եւ իր ժողովրդական լինել-չլինելու մասին: Իսկ թե ի՞նչ խախտումներ, բյուջեի հաշվին ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսի կիրառում է արձանագրվել վերջին ընտրությունների ընթացքում՝ խոսվել է շատ եւ դեռ կխոսվի շատ անգամներ» ,- հակադարձում է Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ընդդիմության նպատակը մեկն է՝  վերադարձնել մեր երկրին արժանապատվություն եւ հույս, որովհետեւ, թե առաջինը, թե երկրորդը կապիտուլյանտների իշխանության պարագայում հնարավոր չէ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով