«Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ


«Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ
Դեկտեմբեր 2 22:32 2021

«Ցորի» զորամասի զինծառայողները 44-օրյա պատերազմի ընթացքում շատ ուժեղ կռիվ են տվել Արա լեռում, մեծ վնաս են տվել ադրբեջանական կողմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ցորի» զորամասի զոհված զինծառայողներից մեկի մորեղբայրը։

Նշենք, որ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է տեղի ունենում։

«Մեր տանը նստած էինք քրոջս հետ, անձրեւ էր գալիս, ասաց՝ մեկ տարի երկու ամսվա մեջ առաջին անձրեւն է, որ հանգիստ եմ նայում։ Մինչեւ այդ որ անձրեւ էր գալիս, մտածում էր, որ երեխաները անձրեւի տակ են, ձյուն էր գալիս, մտածում էր՝ ձյան տակ են։ Ծնողները հույս էին պահում, որ երեխաները հնարավոր է՝ ողջ են, գերեվարված են։ 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա»,- պատմեց զոհված զինծառայողի հարազատը։

Նա պատմեց, թե ինչ կիսատ մնացած երազանքները է ունեցել զոհված զինծառայողը. «Սովորում էր բժշկականում, երբ մամայի հետ խոսում էր, ասում էր՝ երկու բան եմ ուզում անել, գամ տուն իմ ադյալով ծածկվեմ, նայեմ ձեզ եւ երկրորդն էլ՝ գնամ բժշկական ինստիտուտ»։

Նշենք, որ շուրջ մեկ տարի եւ երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են նոյեմբեր ամսին։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք ցորի հրետանավորներն էին։