«Նամակս հասավ ինձ… ընկերները փոխանցեցին, բայց Արգամն ասել էր, որ ինքը պիտի բերի». 19-ամյա հերոսի քրոջ պատմությունը


«Նամակս հասավ ինձ… ընկերները փոխանցեցին, բայց Արգամն ասել էր, որ ինքը պիտի բերի». 19-ամյա հերոսի քրոջ պատմությունը
Դեկտեմբեր 2 21:37 2021

Վանաձորցի Արգամ Սելիմյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան պատերազմը: Ծառայությանը նոր-նոր ընտելացած, զենքին ոչ լիարժեք տիրապետող նորակոչիկ Արգամը որպես վարորդ հմտորեն կատարել է իր պարտականությունները կրակային դիրքում՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստներ։

«Եղբորս ծառայության ընթացքում մեկ անգամ ենք հասցրել տեսնել, այն էլ 30 րոպեով: Զինվորական հագուստով և հպարտ կեցվածքով դուրս եկավ, Արգամին որ էդ հագուստով տեսա, ինձ էնքան պաշտպանված զգացի: Երբ տեսակցությունն ավարտվեց, և եղբայրս գնաց, ես նկարում էի, շուռ եկավ ու նայեց ինձ… կարծես այդ հայացքով իրար հրաժեշտ տվեցինք: Արգամը թեքվեց և երկար ինձ նայեց և օդային համբույր ուղարկեց: Երբ զանգում էր, ասում էր՝ բայց ժամանակը քիչ էր, չհասցրեցի ձեզնից նորմալ կարոտս առնեմ, գրկեմ, բայց տեսակցության ժամանակ բոլորիս գրկում էր, ու իր վերջին հայացքը ինձ մոտ տպավորվել է, որպես հրաժեշտի հայացք լիներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է 19-ամյա հերոսի՝ ժամկետային զինծառայող Արգամ Սելիմյանի քույրը՝ Մերի Սելիմյանը:

«Պատերազմի  ժամանակ կռվել է ամենաթեժ տեղերում: Սկզբում կռվել է Հադրութում, հետո պարզվել է՝ որտեղ իրենք կռվում են, էդ տարածքը գրավված է եղել, մի կերպ կարողացել են դուրս գալ շրջափակումից:

 
 

Հադրութում է կռվել, Ջրականում, Կուբաթլուում, Կարմիր շուկայում, և հենց  Կարմիր շուկայում էլ Արգամը զոհվել է:

Սեպտեմբերի 27-ին տղերքը  Շամշադինից պիտի գնային Արցախ, եղբայրս վարորդ  էր, և էդ պահին Արգամը մեքենա չուներ կռվի դաշտ գնալու համար: Մեքենան մինչ իրեն հասնելը պայթեցվել էր հակառակորդի կողմից: Երբ հոկտեմբերի 14-ին նրանց շարք էին կանգնեցրել, տվել էին իր ընկերների անունները, ովքեր պիտի գնային կռվի դաշտ, իրեն ասել էին, որ չեն տանելու մեքենա չունենալու պատճառով. շատ էր տխրել: Նեղված մամայիս զանգել ասել է՝ մամ, գիտե՞ս, ինձ չտարան… մամաս ասում է՝ վախ, ինչ լավ է, տղա ջան, էդ պահին Արգամը բարկացած ասում է՝ մամ, ես ո՞նց  էստեղ նստեմ, երբ իմ ընկերները կռիվ են տալիս:

Մենք Արգամի բնավորությունը շատ լավ գիտեինք, ասում էինք՝ Արգամ, չգնաս, քեզ չեն տանում, ասում էր՝ ոնց կլինի էդպես, ընկերներս գնան, ես մնամ:

Հայրս ամեն օր ասում էր՝ Արգամ, տղերքը հետ են գալու, դու մի գնա:

Ասում էր՝ հա, պապ, եղավ… գիշերը ժամը 3-ի կողմերը զանգեց և ասաց, որ Արցախ է գնում:

Տեղ հասնելուն պես զանգեց ու միակ բանը, որ ասել է՝ պապ, մաման ո՞նց է, պապաս ասաց՝ լավ է, ցավդ տանեմ, դու ասա՝ ոնց ես, ոնց տեղ հասար: Պապայիս ասել էր՝ պապ, չես պատկերացնի, բայց կարողացանք տեղ հասնել»,- շարունակում է Մերի Սելիմյանը:

Արգամ Առաքելի Սելիմյանը ծնվել է 2001թ. նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Բազում գյուղում: 2020թ. հուլիսին է  զորակոչվել բանակ: Քանի որ հուլիսյան մարտերն էին, և Արգամը նորակոչիկ էր, մինչ երդման արարողությունը նրան տարել էին Վանաձորի «ԴՈՒՑ»-ի զորամաս, այնուհետև՝ երդման արարողությունից հետո, ծառայությունը շարունակել է Շամշադինում:

Արգամի հմուտ և արհեստավարժ գործողությունների արդյունքում կարողացել են դուրս գալ շրջափակումից: Մասնակցել է Շեխեր, Կարմիր շուկա բնակավայրերի համար մղվող մարտերին։ 2020թ. հոկտեմբերի 29-ի գիշերը ժամը 01։50-ի սահմաններում հերթական մարտից հետո Արգամը՝ որպես հերթապահ դիտորդ, երկնքում նկատում է կանաչ լույս, հասցնում է միայն գոռալ՝ տղերք, ԱԹՍ, որից հետո թշնամու ԱԹՍ-ն հարվածում է նրան։ Ժամկետային զինծառայողը ստանում է կյանքի հետ անհամատեղելի բազմաբեկորային վնասվածք։ Արգամ Սելիմյանը հետմահու  պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» կրծքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով:

Արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրն ասում է, որ Արգամը սկզբում էր մի քիչ խառնված, իսկ հետո ավելի սառն էր դարձել:

«Պապաս, որ ասում էր՝ Արգամ ջան, վիրավորներից, զոհերից չվախենաս… ասել է՝ էհ, պապ ջան, կյանքը դիմացովս անցավ: Տպավորություն էր, որ իրեն էլ ոչինչ չի զարմացնի, ինքը ամեն ինչ տեսել էր:

Վերջին անգամ, որ զանգել էր ինձ, ասաց՝ Մեր, գիտե՞ս, նամակդ ինձ մոտ է (ես ժամանակին իրեն նամակ էի գրել… դե հայրս, որ Շամշադին տեսակցության էր գնում, տղերքին սնունդ, ծխախոտ էր տարել… ես ծխախոտի տուփի վրա գեղեցիկ խոսքեր էի գրել, իսկ եղբորս էլ նամակ. գրել էի, որ իրեն շատ եմ սիրում, որ ինքը անպայման հետ գա): Զանգեց ասաց՝ Մեր, նամակդ հետ եմ բերելու, ու չէի էլ պատկերացնում, որ էդ նամակը հետը կտանի կռվի դաշտ:

 

Նամակս հասավ ինձ… ընկերները փոխանցեցին, բայց Արգամն ասել էր, որ ինքը պիտի բերի»,- պատմում է 19-ամյա հերոսի քույրը:

Մերին ասում է, որ կյանքը պատերազմից առաջ էր, իսկ պատերազմից հետո կյանք չկա:

«Ինձ համար հպարտություն է լինել  հերոսի քույր, բայց հիմա ինձ ավելի շատ իմ եղբոր ներկայությունն էր պետք: Ես իմ թե՛ ցավը, թե՛ հպարտությունը իմ մեջ եմ պահում, ես շատ ծանր եմ տանում եղբորս մահը:

Ինձ իմ եղբոր գալն էր պետք, թեկուզ վիրավոր, ձեռքը չլիներ, ոտքը չլիներ… ես միշտ իր կողքին կլինեի, բայց մենակ գիտենայի, որ ինքը կա, զգայի իր շունչը»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արգամ Սելիմյանի քույրը՝ Մերի Սելիմյանը:

Անահիտ Չալիկյան