«Սյունեցիներն ապրում են այն հույսով, որ մի օր իրենց զենքով կապահովեն, և իրենք իրենց կկարողանան պաշտպանել»


«Սյունեցիներն ապրում են այն հույսով, որ մի օր իրենց զենքով կապահովեն, և իրենք իրենց կկարողանան պաշտպանել»
Դեկտեմբեր 1 21:10 2021

«Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները անորոշության մեջ սպասում են, որովհետև իրենց տները շրջափակված են, և մարդիկ որևէ կերպ ներս ու դուրս անելու հնարավորություն չունեն: Սյունեցիներն ապրում են այն հույսով, որ մի օր իրենց զենքով կապահովեն, իրենք իրենց կկարողանան պաշտպանել»

«Խոտ գյուղում եմ եղել, մյուս գյուղերում չեմ եղել, որովհետև այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի էր: Խոսել եմ մարդկանց հետ, նրանք ոչ թե վախեցած են, այլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև մարդկանց ոչ ոք ոչինչ չի ասում, չեն բացատրում:

Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներն անորոշության մեջ սպասում են, որովհետև իրենց տները շրջափակված են, և մարդիկ որևէ կերպ ներս ու դուրս անելու հնարավորություն չունեն: Սյունեցիներն ապրում են այն հույսով, որ մի օր իրենց զենքով կապահովեն, իրենք իրենց կկարողանան պաշտպանել:

 
 

Իրականում միշտ էլ այդպես է եղել, գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնում, բայց սա ավելի լուրջ հարց է, որովհետև մարդիկ ունեն անվտանգության խնդիր: Մարդիկ հերթով են գիշերը քնում և հսկում են իրենց տները:

Մարդիկ իրենց անպաշտպան են զգում, հատկապես այն պատճառով, որ իրենց քաղաքապետն անազատության մեջ է, ասում են, որ Առուշը ազատության մեջ լիներ, հիմա իրենք անվտանգության տեսանկյունից էսպիսի վիճակում չէին լինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով այս օրերին պարբերաբար այցելում է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր:

Սոֆյա Հովսեփյանը նկատել է Սյունիքում բնակչության թվի անկում, ասում է՝ մարդիկ կան, որ Գորիս քաղաքից են դուրս եկել, և մարդկանց չես էլ կարող մեղադրել:

«Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու փոխարեն իշխանությունը խաղաղության դարաշրջան բացելու քարոզն է անում և առաջ է տանում թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու գաղափարախոսությունը:

Մինչդեռ խաղաղության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ կռացած չես և կարող ես խաղաղություն թելադրել, իսկ այս պարագայում խաղաղության մասին խոսելը բոլորս ենք տեսնում, թե ինչ հետևանքներ է ունենում: Ադրբեջանն անընդհատ հրահրում է սադրանքներ և փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա և արդարացնել իր՝ Հայաստանի ինքնիշխան տարածք մտնելը, իսկ ընթացքում էլ փորձում է իր համար հարցեր լուծել:

Սյունիքի սահմանամերձ գյուղերում այսօր առաջնային են անվտանգության հարցերը, իսկ մարդիկ իրենց անպաշտպան են զգում»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Անահիտ Չալիկյան