Ադրբեջանի նախկին արտգործնախարարը նախազգուշացնում է Հայաստանին սպասվող նոր վտանգների մասին


Ադրբեջանի նախկին արտգործնախարարը նախազգուշացնում է Հայաստանին սպասվող նոր վտանգների մասին
Դեկտեմբեր 1 20:28 2021

 

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ հարցազրույցում մի շարք ուշագրավ և, ինչո՞ւ չէ՝ Հայաստանի և Արցախի համար համար վտանգավոր հայտարարություններ և ձևակերպումներ է արել, որոնցից մի քանիսը 168.am-ն առանձնացրել է:

 

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված որոշման կայացումը վաղաժամ է

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված որոշման կայացումը, իմ կարծիքով, ակտուալ չէ, վաղաժամ է, մի պարզ պատճառով՝ եթե անգամ այսօր հայտարարեն, որ որոշումը կայացված է և կարելի է բացել միջանցքը, դա հնարավոր չէ գործնականում, քանի որ դեռ անհրաժեշտ է վերականգնել 100 կմ երկաթուղային ճանապարհ ադրբեջանական կողմում, պետք է վերականգնել նաև «ազատագրված տարածքները»: Սա կպահանջի բավականին երկար ժամանակ: Հնարավոր է՝ կան որոշ խնդիրներ նաև հայկական հատվածի երկաթուղային ճանապարհի հետ կապված, ինչպես նաև՝ Նախիջևանի հետ հանգույցում և դրա հայկական հատվածում:

Հայաստանն իր համաձայնությունը դրան տվել է, այսինքն՝ միջանցքը, այսպես ասած, կանխորոշված է

 

Եվ շատ է քննարկվում՝ միջա՞նցք է դա, թե՞ հաղորդակցություն: Միջանցքի և պարզապես հաղորդակցության միջև տարբերությունը դա հատուկ ռեժիմ է, այն պարունակում է, այսպես ասած, էքստերիտորիալ էլեմենտներ: Սա փոքր-ինչ վախեցնում է: Այո, այն հատուկ ռեժիմ է ենթադրում: 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշվում է, որ այնտեղ վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները կամ խաղաղապահները: Ավելին, 1992-ից հայկական սահմանները գտնվում են ռուս սահմանապահների հսկողության տակ, դա հայկական կողմի որոշումն էր (1992 թվականին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանին հայ սահմանապահների հետ միասին հաստատվել են ռուս սահմանապահներ.- խմբ): Այսինքն, էքստերիտորիալ ասվածն արդեն իսկ կա: Իսկ մենք գիտենք, որ երկաթուղային ճանապարհն անցնում է Արաքս գետի երկայնքով: Կրկնում եմ՝ էքստերիտորիալ ասվածն արդեն իսկ առկա է, Հայաստանն իր համաձայնությունը դրան տվել է, այսինքն, միջանցքը, այսպես ասած, կանխորոշված է:

Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ խաղաղապահ ուժերը եկել են Ադրբեջանի սուվերեն տարածք, և Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ֆորմատում իրականացվում են գործողություններ, որի նպատակը Ղարաբաղի հայերի ռեինտեգրացիան է Ադրբեջանի Հանրապետություն, ընդ որում, առանց կոնֆլիկտի, քաղաքական միջոցներով: Հայաստանը հնարավորություն ունի իրավիճակի վրա ազդելու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) շրջանակում: Իսկ ՄԽ-ն դեռ իր տեղի փնտրտուքի մեջ է: Այսինքն, Ադրբեջանի տեսակետն այն է, որ Հայաստանը տեղ չունի այն թեմատիկայի շրջանակում, որը վերաբերում է Ադրբեջանի սուվերեն իրավունքներին՝ սեփական տարածքի նկատմամբ: Այն, որ այնտեղ կամ հարևանությամբ ապրում են հայեր, դա ոչ մի հիմք չի տալիս՝ ՀՀ-ին ներգրավել այս թեմայի մեջ:

 Ադրբեջանի համար կարևոր հարցերից մեկը Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն է

Ադրբեջանի համար կարևոր հարցերից մեկը Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն է, որպեսզի չլինի ներթափանցում Հայաստանից, և երկրորդ կոմպոնենտը՝ «անօրինական զինված խմբավորումների» փոխարինումն է, այսինքն, անվտանգային ֆունկցիան պիտի ամբողջությամբ փոխանցվի խաղաղապահ ուժերին: Այլապես հարց է առաջանում՝ եթե նրանք այնտեղ են, որպեսզի անվտանգություն ապահովեն, ապա ի՞նչ գործ ունեն «անօրինական զինված խմբավորումները»: Այս հարցը մենք ավելի խիստ ենք դնելու, որովհետև մեկ տարի անց ինչ-որ մարդիկ են գալիս, դիրքեր պահում: Այդ դեպքում՝ ի՞նչ են անում այնտեղ մոտ 2000 խաղաղապահները:

Հայաստանյան հասարակության հետ կապված խնդիրները

Այսօր մենք խնդիր ունենք հայաստանյան հասարակության հետ կապված, որովհետև 30 տարի նրանք ընդունել են Ղարաբաղը (Արցախ)՝ որպես Հայաստանի մաս, որպես հայկական երկրորդ պետություն: Եվ, կարծում ենք, որ տեղի ունեցած հանդիպումներն օգտակար են այն առումով, որ հայ հասարակության շրջանում հասունանա այս պատկերացումը՝ Հայաստանը մինչ այսինչ սահմանն է, որը դեռ պետք է հստակեցնել, իսկ դրանից այն կողմ՝ Ադրբեջանն է: Այս տեսանկյունից Փաշինյանին բավականին բարդ իրավիճակ է սպասվում. մարդիկ պիտի հասկանան՝ եթե ուզում եք պատերազմ, շարունակեք պահանջներ դնել, եթե խաղաղություն եք ուզում՝ պահեք ձեզ համապատասխան աշխարհում դրված կանոնների: Ահա հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ:

Զուլֆուգարովը նշում է իրենց պատկերացմամբ սահմանները

Եթե նրանք ուզում են ունենալ սահման, ապա պետք է ճանաչեն մեր սահմանները, այդ դեպքում կուրվագծվի իրենցը: Սահմանը, մեր պատկերացմամբ, պետք է անցնի Գյոյչա լճի (Սևանա լիճ) մեջտեղով: Հետո Զանգեզուրը…, որը Խորհրդային տարիներին տրվել է նրանց՝ մոտ 7000 քառակուսի կմ:

Դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին

Դելիմիտացիայի, դեմարկացիայի թեման լինում է հետաքրքիր, լինում է անհետաքրքիր: Այս պարագայում ինչի՞ համար մենք այդքան ցանկանանք դելիմիտացիա, դեմարկացիա, երբ հայկական դիրքորոշումը բացում է հնարավորություններ՝ վերականգնելու «պատմական արդարությունը»: Մեր ինչների՞ս է դա պետք:

Գոյություն ունի կոնֆլիկտի կառավարման տրամաբանություն, որը կիրառում է Մոսկվան, առհասարակ, բոլոր գերտերությունները: Ամեն տեղ այս խաղն են խաղում: Իրավիճակի իմ գնահատականը հետևյալն է՝ Մոսկվան կորցրել է հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության գոտու հետ կապված՝ «թանկ է նստում», շատ ուժեր է պահանջում: Իսկ եթե երկու երկրների միջև կոնֆլիկտը փոխակերպվի դիմադրության երկու երկրների սահմանների միջև, դա կարգավորելը շատ ավելի հեշտ կլինի: Էֆեկտը նույնն է, կոնֆլիկտի կառավարման մեխանիզմը աշխատում է, բայց «ծախսերը» քիչ են:

Մենք ներկայացրեցինք Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հարցազրույցի կարևոր կտորները, որոնք որպես Ադրբեջանի դիրքորոշում՝ հետևողականորեն ներկայացվում են Ալիևի կողմից՝ Փաշինյանին, իսկ վերջինս էլ, ինչպես տեսնում ենք, քայլ առ քայլ մոտեցնում է ադրբեջանական երազանքի իրագործումը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ «եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով»:

«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- նշել էր Զուլֆուգարովը:

Ի՞նչ տեղի ունեցավ Սոչիում. նոյեմբերի 26-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ մասնավորապես, հայտարարել էր.

«Մենքբավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ՝ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին»:

Ավելին, ստորագրվեց եռակողմ նոր փաստաթուղթ, որը, ըստ էության, Ադրբեջանին «ազատեց» մի շարք պարտավորություններից, մասնավորապես՝ այնտեղ խոսք չկար ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 45 քառակուսի կմ տարածքի՝ Հայաստանի Հանրապետության վերահսկողությանը վերադարձնելու մասին:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախկին արտգործնախարարի հարցազրույցին մեր անդրադարձին, ապա դրա նպատակը, բնավ, ադրբեջանական տեսակետը հայկական տեղեկատվական դաշտ բերելը չէ, այլ ելնելով ստեղծված իրավիճակից և Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիոն հայտարարություններից, փորձում ենք հայ հասարակության և քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրել հնարավոր նոր վտանգների և կորուստների վրա՝ փորձելով ինչ-որ կերպ նպաստել դրանց կանխմանը: