Շիրակի մարզի «անփոխարինելի» դատավորը. Ինչպե՞ս են աղմկահարույց գործերը հայտնվում միևնույն դատավորի մոտ


Շիրակի մարզի «անփոխարինելի» դատավորը. Ինչպե՞ս են աղմկահարույց գործերը հայտնվում միևնույն դատավորի մոտ
Դեկտեմբեր 1 20:15 2021

 

Վերջին շրջանում՝ հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, նոր թափ են առել ընդդիմադիր քաղաքական-հասարակական գործիչների ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների հետապնդումներն ու նրանց լռեցնելու փորձերը: Ոմանց բերանը փակում են կոմպրոմատներով, իսկ մյուսներին էլ՝ անվերջ ու բազմաթիվ դատական գործընթացների մեջ ներքաշելով: Որպես կանոն՝ մի քանի միլիոնանոց հայցադիմումներով փորձելով խեղճացնել մարդկանց՝ իբր որպես պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում, իշխանությունները մեկ նպատակ են հետապնդում՝ ստիպել մարդկանց չխոսել:

 

Օրերս 168.am-ի խմբագրության տրամադրության տակ հայտնված ձայնագրությունը հենց դրա մասին է փաստում:

Խոսքը Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանին առնչվող քաղաքացիական գործերի մասին է, և զարմանալի զուգադիպությամբ՝ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի բոլոր հայցերը վերջինիս դեմ քննում է միևնույն դատավորը՝ Լիլիթ Խաչատրյանը, ում գործունեությանը դեռ կանդրադառնանք:

Ի դեպ, հատկանշական է, որ Սահակ Մինասյանի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնք, չգիտես ինչու, քննվում են, ավելի ճիշտ՝ տեղում դոփում են ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեում, նախկին՝ Հատուկ քննչական ծառայությունում:

Չմանրամասնելով մեր տրամադրության տակ եղած ձայնագրության բովանդակությունը՝ 168.am-ը կապ հաստատեց Գագիկ Համբարյանի հետ՝ պարզելու համար՝ ինչ է տեղի ունենում իրականում, որքանով են հավաստի մեր ունեցած տեղեկությունները:

Գագիկ Համբարյանը նախ պնդեց, որ իրեն լռեցնելու փորձ է կատարվում դատական հայցերի միջոցով, և, որ իրեն դատի են տվել թե՛ Նիկոլ Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված իր գրառման համար, թե՛ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը՝ պահանջելով  տասնյակ միլիոնների հասնող գումարներ:

«Իմ դեմ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Սահակ Մինասյանի կողմից հայցեր են քննվում: Նա ինձ դատի է տվել իմ ենթադրյալ գրառումների համար: Երկու հայցադիմուներից յուրաքանչյուրի համար պահանջում է 3 միլիոն դրամ»,- ասաց ՇՊՀ դասախոսը:

Ըստ նրա՝ դատավորը բոլոր գործերով էլ նույն մարդն է՝ Լիլիթ Խաչատրյանը:

«Նա այն նույն թաղից է, ինչ Սահակ Մինասյանը, իսկ Լիլիթ Խաչատրյանի մայրը՝ նունպես նախկինում հայտնի դատավոր, ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ շատ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ է Սահակ Մինասյանի հետ»,- այս դատաքննության սուբյեկտների սոցիալական կապերի մասին մանրամասներ է հայտնում Գագիկ Համբարյանը:

ՇՊՀ դասախոսը հիշեց նաև, որ տարիներ առաջ Սահակ Մինասյանը կրկին իրեն դատի էր տվել՝ ենթադրյալ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, և այդ գործը, «տարօրինակ» զուգադիպությամբ, կրկին ընկել էր իր «թաղի աղջիկ» Լիլիթ Խաչատրյանի մոտ:

Հատկանշական է, որ, ըստ մեր զրուցակցի, Լիլիթ Խաչատրյանն իր մտերիմներից մեկի մոտ (ում անունն այս պահին չենք հրապարակում) հայտարարել էր, որ իզուր է Գագիկ Համբարյանը հակընդդեմ հայցեր ներկայացնում, միևնույն է, Սահակ Մինասյանը դատերին չի գալու, և գործերը հեռանկար չեն ունենալու:

«Ես, անկեղծ ասած, հանդիպեցի դատարանի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ, կոնկրետ չասացի՝ ինչ եմ իմացել, բայց նշեցի, որ տեղեկություններ ունեմ, ու եթե դրանք հաստատվեցին, ես կհասկանամ, թե իրականում ինչ է տեղի ունենում՝ ակնարկելով, որ չեմ բացառում կոռուպցիոն սխեմաների առկայությունը»,- ասաց Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ, ինչպես հետագան ցույց տվեց, Սահակ Մինասյանն իսկապես չի ներկայացել դատերին:

Դասախոսի խոսքով՝ անցյալի դառը փորձը հաշվի առնելով՝ ինքը դատաքննության ամենասկզբում ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Լիլիթ Խաչատրյանի նկատմամբ:

«Ինքնաբացարկի միջնորդության մեջ ես հիշեցրել էի նրա իսկ կատարած երբեմնի հայտարարությունները Սահակ Մինասյանի՝ դատերին չներկայանալու առնչությամբ, ինչպես նաև իմ կողմից իր գործունեությունը խիստ քննադատող գրառումների մասին: Իմ միջնորդությունը նա մերժեց, իսկ մերժման տեքստում նշել էր, որ առհասարակ չի ճանաչում այն մարդուն, ում ներկայությամբ հայտարարել է Սահակ Մինասյանի ու իր կապի մասին»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Ի դեպ, մեր ձեռքի տակ եղած ձայնագրության մեջ ապացուցվում է այն հանգամանքը, որ առնվազն դատավոր Լիլիթ Խաչատրյանն ու այն մարդը, ում հետ ծանոթությունից վերջինս հրաժարվում է, միմյանց շատ լավ ճանաչում են ու սերտ կապեր ունեն:

Լիլիթ Խաչատրյանը, ի դեպ, մեր տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է: Մեզ ասացին՝ իր կայացրած վճիռների արդյունքում նա շարունակ սկանդալների մեջ է հայտնվում, և դրանք գրեթե ամբողջությամբ բողոքարկվում են վերադաս դատական ատյաններում:

«Ես ընդամենը դասախոսում եմ ՇՊՀ-ում, կողմնակի այլ եկամուտներ չունեմ, որևէ մեկի կողմից չեմ ֆինանսավորվում, ու իմ հակառակորդները շատ լավ հաշվարկել են, որ միլիոնավոր դրամներ վճարելն ինձ համար բավականին ծանր կլինի ու գրեթե անլուծելի խնդիր: Հենց այդ կերպ են փորձում փակել իմ բերանը: Հրավիրում են Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը՝ այդ ինչպե՞ս է լինում, որ Գագիկ Համբարյանի գործերը շարունակ նույն դատավորի մոտ են հայտնվում»,- նկատում է ՇՊՀ դասախոսը:

Գագիկ Համբարյանը նշում է, որ Լիլիթ Խաչատրյանի անգրագիտությունը փաստող բազմաթիվ օրինակներ է բերել:

«Մասնավորապես իմ վճիռը քոփի-փասթ սկզբունքով դրել էր իմ գործընկեր Հովհաննես Խորիկյանի վճռի մեջ: Սա այն ժամանակ էր, երբ Սահակ Մինասյանը մեզ հեռացրել էր ՇՊՀ-ից, ու մենք վերականգնվում էինք աշխատանքի դատարանի միջոցով: Բացի դրանից, նույն վճռի մեջ նույն ամբիոնը երեք տարբեր անուններով էր ներկայացրել: Խնդիր եղավ, որ նորից դատական նիստ հրավիրվի, ու ուղղվեն այդ անգրագիտությունները»,- եզրափակեց ՇՊՀ դասախոսը: