Ադրբեջանցիներն արդեն կարող են մի քանի ստրատեգիական ճանապարհներ նշանառության տակ պահել. փորձագետ


Ադրբեջանցիներն արդեն կարող են մի քանի ստրատեգիական ճանապարհներ նշանառության տակ պահել. փորձագետ
Դեկտեմբեր 1 19:40 2021

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացն առանց ազգային քարտեզագրության և գեոդեզիայի ինստիտուտի իրականացնելն անհնար է և լուրջ ռիսկեր է պարունակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ այս գործընթացի համար Հայաստանում պատասխանատու էր այդ կառույցը, որն ամիսներ առաջ կազմալուծվեց։ Ըստ Վան Համբարձումյանի՝ այնտեղ աշխատող մասնագետները կոմպետենտ են այս հարցում և դա նրանց պարտականությունն է։

«Հիմա երբ այդ ինստիտուտը կազմալուծել են, Հայաստանն ինչպե՞ս է գնալու սահմանագծման ու սահմանազատման։ Քարտեզագրությունը բարդ ու դժվար է և ամեն մեկը չէ, որ կարող է դա անել։ Քարտեզի վրա նայում ես օրինակ մի ճանապարհ է, որը փոքր է երևում, բայց այդ ճանապարհը կարող է ստրատեգիական նշանակություն ունենալ, առաջնագիծը կամ գյուղերը սնուցող ճանապարհ լինել»,-նշեց փորձագետը։

Վերջինս նշում է, որ Հայաստանի առաջապահ դիրքերը սնուցվում են թիկունքից, այնտեղից է առաջնագիծ հասցվում ջուր, սնունդ, դեղորայք և ցանկացած ճանապարհ, որը նման կարևորագույն նշանակություն ունի, չի կարող հանձնվել թշնամուն։ Փորձագետի նշում է, որ ադրբեջանցիներն այս պահի դրությամբ արդեն իսկ կարողանում են մի քանի ստրատեգիական ճանապարհներ նշանառության տակ պահել, ինչը վտանգավոր է։

Վան Համբարձումյանը նաև անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող տերմիններին՝ նշելով, որ վարչապետը գրեթե միշտ ասում է «դեմարկացիա, դելիմիտացիա».

«Դելիմիտացիա նշանակում է քարտեզի վրա աշխատանք, իսկ դեմարկացիան տեղում՝ հողի վրա աշխատանքն է։ Այսինքն՝ պետք է ասի դելիմիտացիա, դեմարկացիա, այլ ոչ թե հակառակը, քանի որ այդ դեպքում ստացվում է՝ ադրբեջանցիներն առաջ են գալիս, տարածքները վերցնում են և հետո այդ ամեն ինչն անցկացնում են քարտեզի վրա։ Հետաքրքիր զուգադիպություն է»,-նշեց Վան Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական կողմը կրկին սադրանքների էր դիմել հայ-ադրբեջանական սահմանին, Վան Համբարձումյանը «Փաստինֆո»-ի եթերում ասել էր, որ հայկական կողմը 6 ադրբեջանցի զինվոր է գերեվարել, որից հետո, սակայն, Երևանից զանգել և ասել են, որ բաց թողնեն նրանց։ Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե այս հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվում, սակայն գործի հարուցումից անցել է արդեն երկու շաբաթ, բայց Վան Համբարձումյանին իրավապահ մարմինները չեն անհանգստացրել։

«Ո՛չ զանգել են, ո՛չ էլ հարցաքննության հրավիրել։ Տեղյակ չեմ»,-նշեց Վան Համբարձումյանը։