Ինչ ունեցվածք ունի Վովայի Արշակը և ինչ մեղադրանք է նրան առաջադրվել


Ինչ ունեցվածք ունի Վովայի Արշակը և ինչ մեղադրանք է նրան առաջադրվել
Դեկտեմբեր 1 14:14 2021

Առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

Արշակ Հակոբյանը հանրությանն առավել հայտնի է Վովայի Արշակ մականունով։ Խոսքը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի մասին է։

 
 

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջադրված մեղադրանքի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, պարզվում է, Գասպարյանի պաշտոնավարման ժամանակ ոստիկանությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում։

Արշակ Հակոբյանը  ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ (հատուկ նշանակության) վարչության պետի տեղակալն էր, ինչպես նաեւ 5-րդ բաժնի պետը։

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (10.05.2018) հետո՝ 2018 թվականի մայիսի 24-ին Արշակ Հակոբյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք Հակոբյանը հայտարարագրել է 1 հասարակական նշանակության շինություն։ Որպես շարժական գույք Հակոբյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա «MERCEDES-BENZ S500L», «MERCEDES-BENZ GLS 500 4matic» եւ «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների։

 

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ՝ Հակոբյանն ունեցել է 17 մլն դրամ եւ 22 հազար դոլար։

2019 թվականի  հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունների ավարտը Արշակ Հակոբյանն ունեցել է 2 մլն 487 հազար 918 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

Հավելեք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: