Փաշինյանը հանձնարարել է ՊՎԾ-ին ուսումնասիրություններ սկսել ԱՆ-ում․ Ավանեսյանին մեկ ամիս ժամանակ է տրվել


Փաշինյանը հանձնարարել է ՊՎԾ-ին ուսումնասիրություններ սկսել ԱՆ-ում․ Ավանեսյանին մեկ ամիս ժամանակ է տրվել
Դեկտեմբեր 1 18:07 2021

Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել ՀՀ Առողջապահության նախարարությունում։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Անահիտ Ավանեսյանին, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին և ՊՎԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանին՝ վեր հանել կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներում առկա տարբերությունները

Նշենք, որ նախորդ տարվա փետրվարի 3-ից սկսած՝ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ամենօրյա ռեժիմով հրապարակում է կորոնավիրուսի հաստատված դեպքերի, առողջացածների, թեստերի արդյունքների և մահվան դեպքերի մասին տեղեկատվություն։ Դրան զուգահեռ Վիճակագրական կոմիտեն նույնպես յուրաքանչյուր ամսվա համար հրապարակում է կորոնավիրուսից մահացածների թիվը։

 
 

Hetq.am-ը գրել էր, որ որ այս երկու պետական մարմինների հրապարակած թվերը չեն համապատասխանում իրար։ Ըստ Վիճակագրական կոմիտեի կայքում տեղադրված տվյալների՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը, 2020թ․-ից մինչև 2021-ի սեպտեմբերը ներառյալ, 1027-ով ավելի են, քան նույն ժամանակահատվածի համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալներում։

Սա նշանակում է, որ Առողջապահության նախարարությունը թաքցնում է կորոնավիրուսից մահացածների իրական թիվը, կամ չեն գրանցում տան պայմաններում մահացած քաղաքացիներին, որոնց մահը վրա է հասել Քովիդ 19-ի պատճառով։

 

Այս ամենը հաշվի առնելով մենք տեղեկացանք, որ ներկայումս ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացնում Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցում։ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ընթացակարգային, կամ այլ բացթողումները, արձանագրել մահերի պատճառահետևանքային կապը։ Փաշինյանը հիշյալ կառույցներին մեկ ամիս ժամանակ է տվել։