Տնակը հրդեհից մոխրացել է, իսկ տարբեր աստիճանի այրվածքներից բուժում ստացող թոշակառուներն անօթեւան են մնացել


Տնակը հրդեհից մոխրացել է, իսկ տարբեր աստիճանի այրվածքներից բուժում ստացող թոշակառուներն անօթեւան են մնացել
Նոյեմբեր 28 18:13 2021

Նոյեմբերի 25-ին Վանաձորի «Ուսանողական» հասցեում գտնվող փայտե տնակը՝ ինքնաշեն կառույցներով, բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է՝ մոխրակույտի վերածվելով: Ամուսիններ, 84-ամյա Նորիկ Մխիթարյանը, Ալլա Մխիթարյանն ու վերջինի քույրը՝ 69-ամյա Զելմա Աբրամիդին, տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել. կանայք այս պահին բուժում են ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, Նորիկ Մխիթարյանը, որը գլխի եւ ձեռքերի հատվածում է այրվածքներ ստացել, ստանում է ամբուլատոր բուժում:

Տուժածների բարեկամուհին՝ Սուսաննա Եսայանը,  պատմեց, խոշոր հրդեհը բռնկվել է էլ. հոսանքի կարճ միացման հետեւանքով, բայց ոչ թե տնակի ներսում, այլ դրանից որոշակի հեռավորության վրա՝ դրսում:

«Պապիկը տատիկներին դուրս է հանել տնակից՝ տարբեր աստիճանի այրվածքներով: Տնակը, որտեղ արդեն 32 տարի տատիկն ու պապիկն ապրում էին, մոխրի է վերածվել: Հիմա պապիկը բարեկամների տանն է գտնվում: Տեղեկացանք, որ տատիկների բուժման համար հիվանդանոցում թանկարժեք դեղորայք են պահանջել՝ մոտ 40-50 հազար դրամ արժողությամբ, բայց մարդիկ բառի բուն իմաստով գիշերանոցներով դրսում են մնացել»,- հայտնեց բարեկամուհին՝ նշելով, որ տարեցները ծանր իրավիճակում են հայտնվել:

 

«Ոչ մի տեղից չեն արձագանքում՝ պետական կառույցներից առայժմ արձագանք չենք ստացել, ոչ ոք չի հետաքրքրվում այս մարդկանց ճակատագրով: Դիմել ենք քաղաքապետարան, եկել նայել, գնացել են, երկուշաբթի նաեւ գրավոր դիմում կներկայացնենք: Պապիկին Վանաձորում հանրակացարանում են սենյակ առաջարկել, որը կենցաղային որեւէ պայման չունի. 85 տարեկան մարդիկ են ախր, թոշակառու, վատառողջ, չեն կարող տարրական կենցաղային պայմաններ չունեցող սենյակում ապրել: Այդ այրված տնակում կենցաղային բոլոր հարմարությունները պապիկը ստեղծել էր: Ուզում ենք վարչապետին արդեն նամակ ուղարկել: ՀԷՑ-ից եկան, նայեցին տնակի տարածքը, գնացին, բայց, փաստացի, իրենց մոտից է եղել խնդիրը՝ հրդեհը մինչեւ տնակ հասնելն է բռնկվել՝ դրսում: Տնակը սեփականաշնորհված չի եղել, բայց պապիկը հաշվառված է այդ հասցեում»,- հայտնեց բարեկամուհին:

 

Լրացուցիչ տեղեկությունների եւ տուժածներին աջակցելու համար կարող եք զանգահարել 098 111 373 հեռախոսահամարով: