Սերժիկին նահանջի հրաման են տվել, ասել են՝ ետ եկեք, չի ենթարկվել, պատասխանել է՝ դուք եկեք, նահանջելով մինչև ո՞ւր եք հասնելու (Photo)


Սերժիկին նահանջի հրաման են տվել, ասել են՝ ետ եկեք, չի ենթարկվել, պատասխանել է՝ դուք եկեք, նահանջելով մինչև ո՞ւր եք հասնելու (Photo)
Նոյեմբեր 24 22:11 2021
Պետրոսյան Սերժիկը Շուշիից էր։ Ծնվել, մեծացել էր այնտեղ, հետո նաև ազատագրել էր իր հայրենի բերդաքաղաքը։
Առաջին պատերազմի օրերին անդամագրվել էր Արկադի Տեր- Թադևոսյանի՝ Կամանդոսի ստեղծած 15 հոգանոց դիվերսիոն հետախուզական հատուկ ջոկատին։ Այդ ջոկատով էլ մասնակցել էր Շուշիի ազատագրմանը։ Պատերազմից հետո մնացել ու ապրել էր իր ազատագրած Շուշիում։ Անգամ մերժել էր Երևանում աշխատանքի անցնելու Սերժ Սարգսյանի առաջարկը։
Դեռևս 92 թվականին, Չլդրան գյուղի մոտ, տանկի արկի բեկորից Սերժիկը ծանր գանգուղեղային վիրավորում էր ստացել։ Այդ բեկորը նրան պետք է ուղեկցեր հետագա ողջ կյանքի ընթացքում, մինչև հաջորդ ու վերջին պատերազմը...
Չնայած երկրորդ կարգի հաշմանդամությանը, այս պատերազմի առաջին իսկ օրերից Սերժիկը կամավորագրվում է ու մեկնում առաջնագիծ։ Լինում է Ակնայում, հետո սեփական կամքով տեղափոխվում դեպի Հադրութի ուղղությամբ։
Հոկտեմբերի 25-ին, Զարդանաշեն գյուղի մատույցների առաջին դիրքերը Սերժիկենց ջոկատն էր պահում։ Նահանջի հրաման են ստացել, ասել են՝ ետ եկեք, ինչին Սերժիկը պատասխանել է. «Չէ, դուք եկեք։ Նահանջելով մինչև ու՞ր եք հասնելու, Շուշի ու Ստեփանակե՞րտ»։ 3 հոգով մնացել են այդ դիրքում, մնացածը նահանջել են։ Հենց այդ դիրքերում էլ հերոսաբար զոհվեցին Սերժիկ Պետրոսյանն ու նրա 2 ընկերները։
Մարմինները դուրս բերելիս նրանց մոտ ոչ մի չկրակված փամփուշ կամ չօգտագործված նռնակ չէինգ գտել... 3 հոգով մինչև վերջին շունչն ու փամփուշտը կռիվ էին տվել թուրքի դեմ ու զոհվել մերձամարտում։ Զոհվել էին՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով իրենց բաժին Արցախը։

 

 


loading...