Զինված չէին սպասում


Զինված չէին սպասում
Նոյեմբեր 24 20:04 2021

Պատկերացրեք իրավիճակ, երբ բակում խոզ խանձողի դուռը թակում են զինված ահաբեկիչներ, վերջինս նրանց դիմավորում է հարցով՝ արդյոք դուք եկել եք իմ ընտանիքին մորթելո՞ւ, թե՞ կարող ենք սեղանի շուրջ քննարկել  ձեր այցի նպատակները։ Մորուքավոր խոզախանձի բեղավոր հյուրերը՝ նրանից ավելի շրջահայաց գտնվելով, պատասխանում են, որ իրենց զինված այցն ունի բացառապես մշակութային նշանակություն, որ իրենք եկել են ուսումնասիրելու հյուրընկալի հնաոճ գորգի զարդանախշերը, ինչին ի պատասխան՝ նա հյուրերին հրավիրում է խանձած խոզ ճաշակելու։ Ու մինչ նա զբաղվում է սիրած գործով, բեղավորները հաստատվում են միջանցքում, ննջարանում՝ տան այլևս նախկին տիրոջը տեղեկացնելով, որ սեղանի շուրջ կնստեն միայն այն դեպքում, եթե վերջինս ճանաչի ննջարանի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը։

Սեփական խելքի, իրականում անխելքության պատճառով նա ստիպված ընդունում է պայմանները՝ հասկանալով կամ ոչ, որ արդեն ընթրիքից հետո հյուրերը վերցնելու են նաև խորդանոցը, ինչպես որ վարվում են ինքնասիրություն չունեցող ցանկացածի հետ։

Մոտավորապես այսպիսի վիճակում է հայտնվել հիմա Հայաստանը, որի ղեկավարը մինչ այս պահը թշնամի համարվող երկրների հետ հարաբերությունը կառուցում է՝ «դուք ցանկանում եք մեզ ցեղասպանե՞լ» հարցը հնչեցնելով։ Հաշվարկը պրիմիտիվ է այնքան, որքան խոզի խանձման ծեսը։ Դիմացինը, բնականաբար, դրական չի պատասխանելու հարցին և պատասխանելու դեպքում ասելու է՝ ի՞նչ եք  ասում, մենք ոչ միայն չենք ցանկանում ձեզ ցեղասպանել, այլ մեծահոգաբար թույլ կտանք ապրել այնտեղ, որտեղ արդեն մենք հարկ կհամարենք։

Հարցի հեղինակին, սակայն, հետաքրքրում է ոչ թե պատասխանի երկրորդ, այլ առաջին մասն այն մասին, որ նրանք չեն ցանկանում մեզ ցեղասպանել, ինչը հնարավորություն կտա այդ պատասխանը ներկայացնել՝ որպես «դրական ազդակ», և լծվել «խաղաղության դարաշրջանի» բացմանը։ Իսկ այն, որ դրանից հետո Հայաստանի հետ կարող է տեղի ունենալ այն, ինչ անխելք խոզախանձի բնակարանի պարագայում, կլյաուզայով արտաքին քաղաքականություն վարողին քիչ է հետաքրքրում։ Խնդիրն ամենևին այն չէ, որ պետք չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղություն հաստատել, ճիշտ հակառակը՝ դա օր առաջ անհրաժեշտ է Հայաստանի ու Արցախի անվտանգության ու զարգացման համար։ Սակայն խաղաղությունը չի կարող ինքնանպատակ լինել այնքան, որ երկրորդական համարվեն դրան հասնելու միջոցները։

Անարժանապատիվ կեցվածքով ու «մատաղացու գառան» դողդոջուն ձայնով ակնհայտ պատասխան ենթադրող հարց հնչեցնելով՝ հնարավոր է հաստատել ոչ թե խաղաղություն, այլ ամրագրել նվաստացումը, որովհետև խաղաղություն չի լինում առանց հարգանքի, իսկ այդպիսի դիրքերից հանդես եկողին ուղղակի չեն հարգում։

Բայց դրանք հարցեր են, որոնց մասին չի կարող մտածել մեկը, ում խնդիրը ևս մեկ օր ավելի իշխանություն պահպանելն է, ինչպես որ խոզ խանձողի պարագայում կարևորը սեփական տան անձեռնմխելիությունը չէ, այլ զինված ներխուժողների մոտ խանձումի հմտություններով լոպազանալը։

Հենց այս մակարդակով է այսօր Հայաստանը արտաքին քաղաքականություն իրականացնում տարածաշրջանում, որում կատարվող գործընթացները կարող են ընդհուպ նոր աշխարհակարգի հիմք դառնալ։ Բայց մեզ համար կարևորը ոչ թե այդ աշխարհակարգում մեր տեղն է, որն ամեն օրվա հետ անէանում է, այլ պայմանական խոզը։ Հատկապես, որ առջևում Նոր տարի է։