Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել է երկրորդ փորձից հետո։ Քրեական գործը դատարան մուտք է եղել նոյեմբերի 19-ին և նույն օրը մակագրվել դատավոր Մեխակյանին, սակայն դեռևս հայտնի չէ՝ դատավորը վարույթ ընդունել է քրեական գործը, թե ոչ։
Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը 2021թ անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով։ Նա ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։
Քրեական գործի շրջանակներում Ռուբեն Խլղաթյանին և Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154,2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու փորձի հատկանիշներով, որն իրականացվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ըստ քրեական գործի՝ խոսքը գնում է 9 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք բաժանելու փորձի մասին։










