Հերթական ողբերգական ավտովթարը Երևան-Գյումրի մահաբեր հատվածում. Lexus-ը հայտնվել է դաշտում. ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է կնոջ դի


Հերթական ողբերգական ավտովթարը Երևան-Գյումրի մահաբեր հատվածում. Lexus-ը հայտնվել է դաշտում. ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է կնոջ դի
Հոկտեմբեր 31 21:57 2021

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել ժողովրդին արդեն հայտնի՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մահաբեր 50 կմ հատվածում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Նրա դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

 
 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք նա է եղել վարորդը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հոկտեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com