«Նրա մահվան բոթը լսելուց առաջ լսել էինք հորեղբոր որդու զոհվելու լուրը. անասելի ցավ էր». հերոս Գեղամ Սաֆյանի կնոջ պատմությունը


«Նրա մահվան բոթը լսելուց առաջ լսել էինք հորեղբոր որդու զոհվելու լուրը. անասելի ցավ էր». հերոս Գեղամ Սաֆյանի կնոջ պատմությունը
Հոկտեմբեր 30 19:06 2021

«Գեղամ Սաֆյանի բնավորությունը զինվորականին համապատասխան էր՝ կանոնակարգված, կոկիկ, համազգեստի նկատմամբ ընդգծված հարգանքով և պատասխանատվությամբ, ընկերասեր էր, ծնողասեր ու նվիրված իր գործին։

Հետախույզին բնորոշ քչախոս էր, երբեք տանը գործից չէր խոսում: Իր խնդիրները, տագնապները ուրիշների ուսերին չէր փաթաթում: Իր հող ու ջրին նվիրված էր, ուներ հնարավորություն ապրելու դրսում, բայց իր համար Սյունիքն  ու հայրենիքը այլ արժեք ու կարևորություն էին»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Գեղամ Սաֆյանի կինը՝ Վարսենիկ Հակոբջանյանը:

«Սեպտեմբերի 27-ին մենք պատրաստվում էինք եղբորս հարսանիքին մասնակցել, բայց առավոտյան տագնապով ամուսինս բարձրացել է դիրքեր՝ Նախիջևանի սահմանը հսկելու, այնուհետև նրանց ամբողջ գնդին իջեցրել են Նախիջևանի սահմանից և տեղափոխել Արցախ: Գեղամի հետ խոսեցի, ասաց՝ ամեն ինչ նորմալ  է, մեկնում ենք մարտական գործողությունների, հենց հարմար լինի, կզանգեմ: Մեր  խոսակցությունը տևում էր ընդամենը 20 վայրկյան, դե գիտեինք, որ գաղտնալսում են, շատ դեպքերում ամուսինս գաղտնաբառերով էր խոսում, դե գիտեք՝ զինվորականները տիրապետում են այդ հմտություններին:

 
 

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մարտական գործողությունների ժամանակ նրանց ավտոշարասյանը ԱԹՍ-ներով հարվածում են: Մեքենաներից շատերը վառվել են, բայց ամուսինս որ մեքենայի մեջ եղել է, իրենք կարողացել են դուրս թռչել այդ մեքենայից: Ամուսնուս հետ կռվողներից եղել են մարդիկ, ովքեր հասկանալով վտանգը՝ թաքնվել են, բայց ամուսինս լսելով՝ ընկերները ոնց են օգնության կանչում, տեսնելով՝ ոնց են ընկերները ողջ-ողջ այրվում, հետ է գնացել այդ նույն հատվածը, որտեղ ԱԹՍ-ների հարվածից  իր ընկերները վիրավորում են ստացել, այրվել, և 2-րդ, 3-րդ ռմբակոծության արդյունքում ստանալով բեկորային վնասվածքներ՝ տեղում մահացել է:

Նրա մահվան բոթը լսելուց առաջ լսել էինք հորեղբոր որդու՝ Արայիկ Սաֆյանի զոհվելու լուրը: Անասելի ցավ էր, մեկ օրում հողին հանձնեցինք 2 քաջորդիներին»,- շարունակում է Գեղամ Սաֆյանի կինը:

Գեղամ Սերժիկի Սաֆյանը ծնվել է 1984թ.-ի ապրիլի 13-ին  Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: 2007թ.-ից անցել է պայմանագրային  ծառայության, սկզբում հսկել է Նախիջևանի սահմանը, իսկ 2012-2020թթ.-ին  ծառայությունն իրականացրել կապի հետախուզությունում որպես ավագ օպերատոր, Հադրութում: Ծառայությանը զուգահեռ ստացել է նաև բարձրագույն կրթություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիան մասնաճյուղում:

Գեղամ Սաֆյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին:

«Հոկտեմբերի 8-ի երեկոյան ամուսինս եկավ տուն, հագուստը փոխեց, մեզ չէր ասել, որ գնում է Արցախ… ասաց՝ եկա փոխվեմ, որ նորից գնանք դիրքեր: Ես, ճիշտն ասած, լսել էի, որ տղերքին տանելու են Արցախ, ասացի՝ Գեղամ, կարո՞ղ ա ձեզ էլ են Արցախ տանում, աստիճաններից  իջնելիս գլխով արեց: Ես ասացի՝ հնարավոր չէ՞ չգնաս, ասաց՝ ո՞նց ես պատկերացնում, ես՝ զինվորականս, հետ գամ, եթե ես չգնամ, բա ո՞վ գնա:

Գեղամի գնալուց ես աչքերի մեջ մի բան տեսա, չգիտեմ՝ դա հուզմո՞ւնք էր, թե՞ տխրություն, գուցե ինչ-որ բան էր կանխազգում, այդ պահը տպավորվել է հիշողությանս մեջ:

Աղջկաս ամուր գրկեց, համբուրեց, և դա է եղել Գեղամի վերջին տուն գալը: Ամսի 9-ին որ հետը խոսեցի, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, Հադրութի շրջանում են և մարտական գործողությունների են. այն տարածքում, որտեղ ինքը 13 տարի ծառայություն է իրականացրել»,- պատմում է հերոսի կինը:

Տիկին Հակոբջանյանն ասում է, որ ինքը  քաջ գիտակցում է, որ աղջկա անհոգ մանկությունն ու ապագան իրենից է կախված, և այդ գիտակցումն է, որ իրեն ստիպում է սրբել արցունքներն ու հավաքել ուժերը:

«Ինչքան հնարավոր է, փորձում ենք մեր հերոսին արժանի կյանքով ապրել և լինել ուժեղ ու կամային: Հայ կինը հենց այդպիսին է. զինվոր է կորցնում, բայց էլի  զինվոր է ծնում, ամուսիններ կորցնելով՝ այնպես ենք դաստիարակել  մեր երեխաներին, որ ավելի շատ սիրեն հայրենիքը, ավելի ամուր  կառչեն հողից: Հիմա հողը մեզ համար ավելի  սուրբ է և թանկ»,- եզրափակեց Վարսենիկ Հակոբջանյանը:

Անահիտ Չալիկյան