«Ուր են իմ կուրսեցիները», «Գերիները ներեցի՞ն»․ հարցեր՝ Փաշինյանին, ակցիա՝ Երևանում (լուսանկարներ)


«Ուր են իմ կուրսեցիները», «Գերիները ներեցի՞ն»․ հարցեր՝ Փաշինյանին, ակցիա՝ Երևանում (լուսանկարներ)
Հոկտեմբեր 20 20:37 2021

«Սա՞ էր քո կետը, զրոյական կետը», «Ուր են իմ կուրսեցիները», «Եկար, տեսար, հանձնեցիր» և այս բնույթի այլ հարցադրումներով այսօր Երևանի փողոցներում «Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբը իրականացրել է ակցիա։ Ակումբի հիմնադիր Հովհաննես Հարությունյանը Irakanum.am-ի հետ ասաց, որ մեկնարկել են «Համախմբում» շարժումը, որը իր շրջանակներում իրականացնելու է շարունակական բնույթ կրող տարբեր ակցիաներ։ «Քանի որ պատերազմի մեկ տարին է լրացել, սակայն բազմաթիվ հարցեր կան ձևավորված հասարակության մեջ, որոնց պատասխաններն իսպառ գոյություն չունեն և մասնավորապես երիտասարդության մոտ բազմաթիվ են այդ հարցերը և դրանց պատասխանները նույնպես գոյություն չունեն, մենք՝ «Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբով որոշեցինք որ այդ հարցերը պետք է բարձրաձայնվեն և այնքան ժամանակ պետք է պահանջվի այդ հարցերի պատասխանները, քանի դեռ իշխանությունը շարունակում է իր վարած քաղաքականությունը կապված պատերազմի՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանների լղոզումը»,- մեզ հետ զրույցում ակցիայի նպատակը ներկայացրեց ակումբի հիմնադիրը։

 
 

Հարցերը մեծամասամբ կապված են 44 օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։ «Շատ ուսանողների հետաքրքրում են ուր են իրենց կուրսեցիները, որոնք չկան, անհետ կորած են և իշխանությունների կողմից չկա պատասխան։ Շատերին հետաքրքրում է, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե ոչինչ գերիները մեզ կներեն, որ մի երկու ամիս ավել սպասեն, արդյո՞ք գերիները ներեցին նրան, թե՞ դա հայտարարություն էր տվյալ պահի համար, և նմանատիպ բազմաթիվ հարցեր»,- ասաց Հարությունյանը։

 

Նա նշեց, որ իրենց հարցադրումների 99 տոկոսի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Այսօրվա ակցիայի ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցադրումները գրավոր կառավարություն չեն ներկայացրել։ Ակումբի հիմնադիրն ասում է, նպատակ էլ չեն ունեցել։ Դրանք ավելի շատ հռետորական բնույթ են կրել։  «Իրականում գրավոր ձևով չենք էլ պատրաստվում ներկայացրել, որովհետև մեկ  տարի շարունակ, հնարավոր բոլոր հարթակներով այդ հարցերը բարձրաձայնվել է և պատասխաններ չեն տրվել, հարցերը հռետորական են, քանի որ մենք չենք կարծում, որ վարչապետը, իշխանության որեւէ ներկայացուցիչ, կամ դրածո պատասխանելու է դրանց։ Հարցերն ավելի շատ միտված է նրան, որ հանրությունն ավելի ճիշտ ընկալի թե ինչ աղետ է բերել այս իշխանությունը մեր գլխին, ավելի խորը գիտակցվի, թե ինչ իրավիճակում ենք մենք»,- ասաց Հարությունյանը, հավելելով, թե ակցիայի ընթացքում նկատեցին, որ անցորդները դրական արձագանքներ էին տալիս իրենց և բանավոր միանում էին հարցադրումներին։

Ննամանատիպ ակցիաները ըստ ակումբի հիմնադրի լինելու են շարոյնակական, տարբեր ձևաչափերով։