«Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի գրաված տարածքներում ականների մասին, ասում է՝ մենք տվեցինք դրանք․ բա Արցախն ո՞ւր կորավ»․ Հ․ Խուրշուդյան


«Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի գրաված տարածքներում ականների մասին, ասում է՝ մենք տվեցինք դրանք․ բա Արցախն ո՞ւր կորավ»․ Հ․ Խուրշուդյան
Հոկտեմբեր 20 00:27 2021

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Պատերազմի ընթացքում եթե դեռ ինչ-որ տեղ արդարացված էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ ներկայացնել որպես ագրեսիա Հայաստանի դեմ՝ ընդգծելու համար մեր ազգային միասնությունը, ապա անհասկանալի է, թե ինչու պատերազմից հետո էլ Հայաստանը ամեն ինչում, ինչը վերաբերում է Արցախին, հանդես է գալիս իր անունից՝ դրանով ոչ միայն հարվածելով Արցախի առանց այն էլ խիստ նվազած սուբյեկտայնությանը, այլ նաև, փաստացի, համակերպվելով ադրբեջանականա այն թեզի հետ, թե այդ Հայաստանն էր զբաղեցնում 7 շրջանները:
Նիկոլ Փաշինյանը, ամեն անգամ խոսելով Ադրբեջանի գրաված տարածքներում ականների մասին, ասում է՝ մենք տվեցինք դրանք, կամ մենք պատրաստ ենք փոխանցել դրանք ամբողջությամբ: Բա Արցախն ո՞ւր կորավ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի 4 բանաձևերից ուրևէ մեկում, որի վրա այդքան սիրում է հղում անել Ալիևը գեթ բառ չկա այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածք է զբաղեցրել Ադրբեջանում: Խոսքը գնում է Արցախի «հայկական ուժերի» մասին, իսկ Հայաստանին ընդամենը կոչ էր արվում օգտագործել իր ազդեցությունը այդ ուժերի վրա՝ հասնելու համար նրանց ետքաշմանը հայտնի շրջաններից: Նիկոլ Փաշինյանը, բանակցություններում և միջազգային դիվանագիտության մեջ ներգրավված մեր բոլոր պաշտոնյաները պետք է հատուկ շեշտեն, որ այն քարտեզները, որոնք արդեն տրամադրվել են Ադրբեջանին՝ Հայաստանի իշխանություններին են փոխանցել Արցախի իշխանությունները:
Ու սխալ է, որ Հաագայի դատարանում ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, բառացի ցիտում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Լավ է, որ պարոն Կիրակոսյանը նշեց Ադրբեջանի կողմից դեռ նախորդ պատերազմում հարյուր հազարավոր ականներ տեղադրելու փաստը, որոնց ականազերծման ուղղությամբ որևէ քայլի չի գնում, նաև այն, որ Հայաստանը ոչ Ադրբեջանի և ոչ էլ Արցախի տարածքում չի իրականացնում ականապատում:
Հայաստանն ամեն կերպ պետք է հակադարձի Ադրբեջանի այն թեզին, թե Հայաստանը օկուպացրել էր իր տարածքները: Անկախ այն բանից, որ նախորդ երկու իշխանությունները ոչինչ չարեցին այդ թեզի ամրապնդման և միջազգային որոշ կառույցների կողմից ընդունման դեմ (ինչպես, օրինակ, Եվրոպառլամենտի կամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից)»։

 
 



loading...