9,2 միլիարդ՝ նոր ավտոբուսների համար. ինչո՞ւ չեն շահագործվում դրանք


9,2 միլիարդ՝ նոր ավտոբուսների համար. ինչո՞ւ չեն շահագործվում դրանք
Հոկտեմբեր 19 23:10 2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստերից մեկում հայտարարեց, որ տրանսպորտային ցանցի բարեփոխման վերջարդյունքում Երեւանում 850 նոր ավտոբուսներ կշահագործվեն։ Վերջերս ուրախ֊ուրախ քաղաքապետարանը հայտարարեց, որ ավտոբուսների մի մասը եկել է` հրապարակելով դրանց լուսանկարները.

Օր օրի ավելի է վատանում, արդեն իսկ երեւանցիների գլխին պատուհաս դարձած երթուղայինների վիճակը, բայց այդ ամենին զուգահեռ նոր ավտոբուսները շահագործման չեն հանձնվում։

 

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք` ի վերջո նոր ավտոբուսներին ե՞րբ ենք տեսնելու Երեւանի փողոցներում, պատասխանեցին. «Ընդունում-հանձնում է իրականացվում, այսինքն՝ ամեն ավտոբուսը պետք է ուսումնասիրվի` համապատասխանում է արդյոք տեխբնութագրին, հետո պետք է գրանցվեն և փաստաթղթային որոշ այլ ընթացակարգեր։ Դեռ ամբողջ խմբաքանակը չենք ստացել։ Մինչև հոկտեմբերի վերջ պետք է որ բոլոր 211 ավտոբուսները ժամանեն։

 

Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն»։

 

Հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ տարում շահագործվեն, փոխանցեցին. «Քանի բոլորը չենք ստացել ավելի կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Որոշ բաներ դեռ մեզանից կախված չեն»։

 

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ հավանաբար նոր ավտոբուսները նոյեմբերին կսպասարկեն քաղաքացիներին։

 

Հարցին, թե 211 ավտոբուսի գնման համար որքա՞ն է վճարելու քաղաքային իշխանությունը, պատասխանեց` 9,2 միլիարդ դրամ։

 

Իսկ թե ո՞նց են տեղաբաշխելու, ասաց. «Ըստ համայնքների չեն նայելու, պետք է «բաց գծերում՝ դնեն» ։

 

Նշենք, որ Մարությանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով