Տեղ համայնքում ՔՊ ներկայացուցիչներն առանց համարանիշի մեքենաներով ընտրողների են տեղափոխում, շատ տեղերում վարչական ռեսուրսի չարաշահմամբ պաստառներ են փակցրել.«Անկախ դիտորդ»


Տեղ համայնքում ՔՊ ներկայացուցիչներն առանց համարանիշի մեքենաներով ընտրողների են տեղափոխում, շատ տեղերում վարչական ռեսուրսի չարաշահմամբ պաստառներ են փակցրել.«Անկախ դիտորդ»
Հոկտեմբեր 17 23:38 2021

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի նախագահ Դանիել Իոանիսյանն ահազանգում է, որ Տեղ համայնքում ՔՊ ներկայացուցիչներն առանց համարանիշի մեքենաներով տեղափոխում են մարդկանց, ինչպես նաև շատ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ:

 

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սյունիքի մարզի Տեղ համայնքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները`

1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։

2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։

3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։

4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը։

«Անկախ դիտորդը» շարունակում է աշխատել թե՜ Տեղում և թե մյուս բնակավայրերում։ Ժամը 12։00-ին մանրամասները կներկայացնեմ Գորիսում կայանալիք ճեպազրույցիս ժամանակ»,-գրել է նա: