Ադրբեջանի հաջորդ սադրանքը կարող է ուղղակիորեն խաղաղապահների դեմ ուղղված լինել. ԼՂ արտգործնախարար


Ադրբեջանի հաջորդ սադրանքը կարող է ուղղակիորեն խաղաղապահների դեմ ուղղված լինել. ԼՂ արտգործնախարար
Հոկտեմբեր 13 20:57 2021

Ադրբեջանը բազմաքայլ գործողություն է իրականացնում՝ խարխլելու ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը: Այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ կապված, իբր, ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու հետ:

«Այն, ինչ տեղի է ունեցել՝ արցախյան կողմը, իբր, կրակ է բացել ադրբեջանական մեքենայի ուղղությամբ, ամբողջովին ապատեղեկատվություն է, բացահայտ սուտ: Միջադեպի մեղավորներին պետք է փնտրել հենց Ադրբեջանում: Սա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական ագիտպրոպի հերթական բեմադրություն: Ինչի՞ են ուզում հասնել դրանով: Նախ՝ իբր հավասարակշռություն պահպանել: Հենց իրենք են կազմակերպել ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է մարդու մահվան: Դա արվել է լկտի կերպով՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ, եւ պարզ է, որ դա Մոսկվային չէր կարող դուր գալ: Նրանք դա հասկանում են եւ ցանկանում են «փոխհատուցել», իբր, տեսեք, թե ինչով է զբաղվում հայկական կողմը: Նույնիսկ մի շարք եվրոպական կառույցների ադրբեջանցի դիվանագետներ այնպես են մեկնաբանում մեր քաղաքացու փաստացի սպանությունը, որ Երրորդ Ռեյխում գտնվելու տպավորություն է ստեղծում. նրանց բացատրությունները ոչ այլ ինչ են, քան հայերի նկատմամբ ատելության դրսեւորում:

Երկրորդ՝ նման բեմադրված գործողությամբ նրանք փորձում են Ռուսաստանին բարդ դրության մեջ դնել: Ի վերջո, ստացվում է, իբր, խաղաղապահները ի վիճակի չեն կատարել իրենց պարտականությունները, վատ են կատարում իրենց առաքելությունը եւ այլն: Այսինքն՝ սա հերթական հարվածն է Ռուսաստանին: Նախ՝ նրանք սպանում են մեր քաղաքացուն, որի մոտ նստած էր ռուս խաղաղապահը, իսկ այժմ այդ բեմադրված գործողություններով նրանք նոր հարված են հասցնում ռուս խաղաղապահների հեղինակությանը:

Բացի այդ, այստեղ կա եւս մեկ նոր ասպեկտ, եւ ես կարծում եմ, որ շուտով Ադրբեջանը կփորձի ոտնձգություն կատարել մեր բանակի նկատմամբ, ասել, որ նրանք «ահաբեկիչներ» են, որ նրանց պետք է զինաթափել: Ահա այսպիսի թատերական բեմադրություն: Սակայն, բնականաբար, ցանկացած սուտ վաղ թե ուշ, իսկ մեր դեպքում շատ շուտով, պարզ կլինի բոլորի համար՝ թե ով ինչի հետեւում է կանգնած: Ադրբեջանի գործողությունները ապակառուցողական մոտեցման, Բաքվի կողմից բանակցային գործընթացը վերսկսել չցանկանալու հերթական դրսեւորումն են: Բացառված չէ, որ այս կերպ նրանք ցանկանում են չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրված այցը տարածաշրջան, եւ, միեւնույն ժամանակ, ղարաբաղյան հասարակության մեջ պահպանել անհանգստության եւ նյարդայնության որոշակի աստիճան», - նշեց նախարարը:

Կարելի՞ է արդյոք բացառել, որ հաջորդ անգամ սադրանքը անմիջապես չի ուղղվի ռուս խաղաղապահների դեմ: «Բնականաբար, դա չի կարելի բացառել: Որովհետեւ ադրբեջանական կողմից ամեն ինչ կարելի է եւ պետք է սպասել: Հիշենք, որ հենց Ադրբեջանը խոցեց ռուսական ուղղաթիռը, հիշենք, որ Ադրբեջանի ամենամոտ դաշնակից եւ ավագ եղբայր Թուրքիայում սպանվեց Ռուսաստանի դեսպանը: Իսկ Ղարաբաղում սադրանքների դեպքում նրանք լիովին կարող են կիրառել թուրքական փորձը: Ամեն ինչ կարող է պատահել: Եւ, ըստ երեւույթին, երբ ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման շուրջ բանակցություններն ավելի ակտիվանան, ապա ադրբեջանցիները կարող են դիմել ամենալկտի, անմարդկային քայլերի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: