ՈՒժայինները լռեցին պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, հիմա էլ լռում են, մինչև ե՞րբ․․․


ՈՒժայինները լռեցին պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, հիմա էլ լռում են, մինչև ե՞րբ․․․
Հոկտեմբեր 13 14:40 2021

Այն, որ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ցուցմունք տալուց հրաժարվում է՝ վկայակոչելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը, ինչ-որ տեղ չե՞ն նշանակում արդյոք, որ նույն այս շահերը հաշվի առնելով են լռում նաև գեներալները, բարձրաստիճան բոլոր սպաները, ինչպես չեն խոսել նախորդ մեկ տարվա ընթացքում։ 

Ի դեպ, Դավիթ Տոնոյանը մինչև պատերազմն էլ չի խոսել, ըստ ամենայնի հստակ իմանալով, թե ինչպիսի պատերազմ է լինելու։ Թերևս, այս է եղել նաև պատճառը, որ նա պատերազմից առաջ ուղղակի կտրուկ հրաժարվել է ընդունել Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին, որն իր իսկ խոսքով որոշակի սխալներ նկատելով ցանկացել է անվտանգությանը վերաբերող որոշ հարցեք քննարկել նախարարի հետ։ Ի դեպ, ծանր տանելով Դավիթ Տոնոյանի մերժումը, նա դեռ այն ժամանակ հայտարարել էր, թե՝ «Չեն ցանկացել, երևի վախեցել են, որ կարող եմ թույլ չտալ ինչ-որ սխալ պլաններ իրագործել»։

Իհարկե, նրա այս տեսակետը տրամաբանական է, ինչպես հասկանալի է Տոնոյանի այսօրվա լռությունը։ Հասկանալի է, սակայն արդյո՞ք՝ ընդունելի։ Ի՞նչ ասել է՝ պետական գաղտնիք, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահեր, եթե վտանգի տակ է պետությանդ շահն ու անվտանգությունը և դու ոչ կարողացել ես կանխել վտանգը, ո՛չ այդ վտանգի պահին կարողացել ես բռնել «վտանգավոր ձեռքը», ավելին, հետագա ողջ ընթացքում, երբ հնարավոր էր շտկել շատ բան, երբ Հայաստանին սպառնացող վտանգն առնվազն հնարավոր էր չեզոքացնել, դու շարունակել ես լռել։ Լռում ես նաև այսօր։ Այսինքն, մինչև վերջ լռում ես․․․

Ի վերջո, ինչպե՞ս կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնք պետությունն ու պետականությունը տանում են կործանման՝ հանուն իրենց գերատեսչական շահի, հանուն կուսակցական շահի, հանուն ինչ-որ մեկի կամ՝ նեղ- թայֆայական շահի․․․ վերջինս, ի դեպ, ամենից ավելի է հատկանշական թավշյա իշխանությունների ներկայացուցիչներին։

Այսպես ինչ-որ կիսաբերան տեքստ կարդաց նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և ընդամենը․․․ Այսինքն, ուզեց ասել՝ «այնուամենայնիվ, ես զգուշացրեցի»։ Ի տարբերություն Տոնոյանի, նա գրավոր էլ է զգուշացրել, ընդ որում և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի ժամանակ։ Եվ պատերազմից հետո․․․ Սակայն ամենավճռական պահին, կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից հետո, այսինքն, 2020-ի նոյեմբերի 10-ին, երբ նրանց գերագույն գլխավորը վախից կառավարություն չէր կարողացել մտնել, իսկ կառավարության դռները, որ հետո պիտի բազմատակ ոստիկանական շարքերով հսկվեին, այդ գիշեր կրնկի վրա բաց էին, այդ թվում՝ իրենց իսկ «խուժանի» առաջ, որ հետո բարդեին այլոց գլխին, ընդդիմադիր շրջանակների հետ հանդիպող Գասպարյանին գործնական ոչ մի քայլի չգիտես ինչու չմղեց։ Թերևս, բացի խորը պատսպարվելու համար բունկեր ման եկող գերագույն գլխավորին՝ ԳՇ բունկերում ապահով պատսպարելը։

Հաճախ կարելի է լսել, թե նրանց գերագույն գլխավորը բոլորի մասին «կոմպրոմատ» ունի։

Այսինքն, հազարավոր զինվորներ զոհաբերելու գնով իբր դավաճանի խարանից ձերբազատվելու, բանակը պարտության տանելու, թշնամուն անձնատուր լինելու և հանձնվելու, Արցախի 80 տոկոսը անկռիվ հանձնելու մոլեռանդությունից ավելի ի՞նչ կա էլի։ Ի վերջո, ու՞մ է հետաքրքիր գեներալների և պարտված ուժայինների անձնական ու բունկերային կյանքը, եթե նրանց համար թիվ մեկ առաջնահերթությունը պետությունը չէ։ Կոռուպցիա, զենքի վաճառք, այսօրինակ փաստեր եթե կան, թող հրապարակեն, բայց մինչ օրս եղածը պարտակելուց ու լռելուց զատ բան չտեսանք․․․

Այսպես, Արցախը հանձնած և Հայաստանը հանձնող, հանձնողի ձեռքը չբռնողները՝ գեներալներ, ուժային կառույցների ղեկավարներ, անմեղներին շինծու մեղադրող գլխավոր դատախազից մինչև՝ անիրավ ու անարդար դատող դատավորը՝ մեղավոր են, մեղավոր են պատերազմի պարտության և հազարավոր ջահել կյանքերի համար։ Մեղավոր են Արցախի մեծ մասը, մեր զինվորի ազատագրած Շուշին ալիևին անկրակոց հանձնելու համար։ Եռաբլուրի բազմապատկման համար։ Առասպելական ու անառիկ Հադրութի ու նրա բնիկների ճակատագրի համար։ Մեր անժպիտ ու տխուր դեմքերի համար։

․․․Կգա այն օրը, երբ բոլոր իրական մեղավորները կողք-կողքի շարված կլինեն։ Սակայն, այդ օրն ինչ էլ ասելու լինեն Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը, Արթուր Դավթյանը նույնպես, այլևս իրենց չի արդարացնելու։ Չի ներվելու։